Ալեքս Գևորգյան. «Կոմիտաս. անավարտ հանճարը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեքս Գևորգյան. «Կոմիտաս. անավարտ հանճարը»

Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

(Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

Ճիշտ խոսքեր են, Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի: Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան:

Այսօր բավականին մեծ ուրախությամբ ուսումնասիրում եմ մեր մեծանուն երգահան, կոմպոզիտոր, երաժշտական ազգագրագետ, դիրիժոր, վարդապետ Կոմիտասին:

Կարծում եմ, որ մարդկությանը չի հաջողվել դեռ ստեղծել մի բառ, որով կարելի ներկայացնել Կոմիտասին: Ես շատ եմ աշխատել այս աշխատանքի վրա, շատ:

Գիտե՞ք, ես չեմ սիրում, որ մարդիկ նման մեծանուն կոմպոզիտորների, գրողների, նկարիչների մասին ուսումնասիրելիս գրում են, թե այդ մարդը երբ է ծնվել, որ դպրոցն է ավարտել և երբ է վախճանվել:

Այնպես որ՝ այսօր ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել այս երեք կետերը. այսօր ես ձեզ կներկայացնեմ այնպիսի պատմություններ, փաստեր հանճարեղ կոմպոզիտորի մասին, որոնք շատերիդ կհետաքրքրեն:

Կոմիտաս՝ նույն ինքը Սողոմոն Սողոմոնյան: Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, բայց միաժամանակ նա երգեր է գրել և ունեցել է գեղեցիկ ձայն։ Ասում են՝ երաժշտական վառ ունակություններ ունեցել է նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Կոմիտասն ունեցել է դժվար մանկություն։ Նա կորցրել է իր մայրիկին, երբ նույնիսկ 1 տարեկան չկար։ Հայրը շատ զբաղված է եղել, և փոքրիկ Սողոմոնի խնամքն իր վրա է վերցրել տատիկը։

7 տարեկանում Կոմիտասն ընդունվել է տեղի չորսդասյան դպրոցը, և ավարտելուց հետո ուսումը շարունակելու նպատակով հայրը նրան ուղարկել է Բուրսա։ Բայց Կոմիտասին չի հաջողվում ուսումը շարունակել, նա վերադառնում է, քանի որ 4 ամիս անց մահանում է նրա հայրը, և նա 11 տարեկանում բոլորովին որբանում է…

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։

Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա այդ քարին նստած շարունակ երգել է, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

Սողոմոնի կյանքում նրա հիանալի ձայնը ճակատագրական է եղել, ինչը հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։

1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ 20 որբ երեխաներից ընտրվել է 12-ամյա Սողոմոնը։

Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, Սողոմոնը խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

Եվ Կոմիտասը՝ առանց որևէ բառ հասկանալու, սոպրանոյով հայերեն շարական է երգում։ Բայց Կոմիտասն այնքան շատ է սիրում հայերենը, որ շատ կարճ ժամանակահատվածում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, և իր աշխատասիրության շնորհիվ կատարելապես տիրապետում հայերենին։

Նշեմ, որ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը:

1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը մեկնում է Կոստանդնուպոլիս։ Սակայն մինչ այդ նա համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։

Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը՝ 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։

Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։

Կոմիտասի երաժշտական գործունեության մեջ կարևորագույն դեր են ունեցել խազերը:

Կոմիտասի արվեստը հիացրել է Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:

Կոմիտասին Արշակ Չոպանյանը անվանել է Հայկական երաժշտության փրկիչ:

Կոմիտասը նաև ցանկություն է ունեցել օպերա գրել, բայց, ցավոք, այն անկատար է մնացել:

Կոմիտասի կյանքում բավականին խորը ազդեցություն է ունեցել եղեռնը: Կարծես այն թունավորել է Կոմիտասի կյանքը: Նա տանջվել է. նրան տանջում էր եղեռնը: 1915 թվականին մեծանուն երգահանը շատ արվեստագետների հետ ձերբակալվում է որտեղ կոմպոզիտորի առողջական վիճակը վատանում է, իսկ 1 տարի անց՝ 1916 թվականին, կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։

Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։

Հայ երաժշտության հանճարն իր վերջին տարիներն ապրել է Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ շուրջ 20 տարի։

Հենց այնտեղ էլ մեծանուն կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն՝ մեզ թողնելով երաժշտական շատ հարուստ ժառանգություն:

Կոմիտասը եզակի անձ է մարդկության համար, ցավոք, նա չկա, բայց մեր հետ են կոմպոզիտորի ստեղծագործությունները և, վերջիվերջո, Կոմիտասը մեր բոլորիս սրտերում է:

Շատ արվեստագետներ կարծում են, որ եթե Կոմիտասը դուրս գար Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցից, վերադառնար բնականոն կյանքին, ստեղծագործեր՝ գուցե նա ավելի երկար ապրեր:

Ես նույնպես այդ կարծիքին եմ:

Կոմիտասն այն եզակի մարդկանցից էր, ում ինչքան փորձես ուսումնասիրել՝ հաստատ նա չի ավարտվի. նա անավարտ հանճար է:

Նույնիսկ մտածում եմ, որ մեր հայ ժողովրդի Մոցարտը Կոմիտասն է…

1936 թվականի գարնանը Կոմիտասի աճյունը տեղափոխվել է Հայաստան և հողին հանձնվել Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում, բացի այդ, այժմ պանթեոնը կրում է Կոմիտասի անունը:

Շնորհակալություն

ԱԼԵՔՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ