«Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի` ինչ անել, բայց միանշանակ գիտեի, որ հետաքրքրված եմ մարդկանցով, հոգեբանությամբ, գրականությամբ, արվեստով, լուսանկարչությամբ և ուզում էի ճամփորդել: Եվ ես փորձեցի գտնել մասնագիտություն, որը կհամապատասխանի բոլոր այս կետերին, թեպետ չէի համարձակվում պատկերացնել ինձ իբրև դերասանուհի»,- «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը Հայաստան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմել է նա:
Նրա դասախոսներից մեկը մի անգամ ասել է նրան, որ ինքը շատախոս է, և գուցե դառնա լավ դերասանուհի: Մի օր էլ նա ընթրիքի էր հրավիրված, որտեղ ներկա է եղել Ռոման Պոլանսկին: Վերջինս ասել է, որ Բիսեթը շատ ներհայեցողական աղջիկ է թվում, և դա կարող է օգնել իրեն դերասանական կարիերայում:
Անդրադառնալով հարցին, որ նա միշտ համարվել է Բրիտանիայի ամենագեղեցիկ կանանցից, Ժակլին Բիսեթը նշել է, որ ավելի կարևոր է համարում գրավչությունը, քան գեղեցկությունը:
Ժակլին Բիսեթը նաև այն կարծիքին է, որ երջանիկ լինելու համար պարտադիր չէ ունենալ պաշտոնական փաստաթղթեր. «Ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են: Ես դեմ չեմ ամուսնությանը, բայց ըստ իս` առավել կարևոր է գտնել հարաբերություններ, որ կերջանկացնեն երկու կողմերին»,- այս կարծիքին է դերասանուհին:
Ի դեպ, նա աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքամայրն է: Բիսեթը, սակայն, նշում է, որ շատ լավ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ Ջոլին, ում մոր հետ անգլիացի դերասանուհին մտերիմ է եղել, շատ իմաստուն, բազմազբաղ և հրաշալի անձնավորություն է:
Ուինֆրեդ Ժակլին Բիսեթը ծնվել է 1944 թ. Անգլիայի Սարի կոմսության Ուեյբրիջ քաղաքում: Նրա մասնակցությամբ մի շարք ֆիլմեր ֆրանսիական և իտալական արտադրության են: Նա նկարահանվել է «Ամերիկյան գիշեր», «Կիրակնօրյա կինը», «Ով է սպանում Եվրոպայի մեծ խոհարարներին», «Երբ ժամանակը լրացավ», Մահ սիրո մեջ» և մի շարք այլ ֆիլմերում: