Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսի ծագման տեսություններից ամենաանսովորն այն է, որ հիվանդությունը այլմոլորակայիններն են տարածել։
Այս ենթադրությունն, իհարկե, առնվազն մի դրական պահ ունի՝ ուրեմն մենք տիեզերքում մենակ չենք։ Բայց հենց այդքանը։ Մնացածը բացասական է՝ եթե այլմորակայինները մեզ հիվանդացնում են, ուրեմն նրանցից լավ բան սպասելն անհնար է։
Ի դեպ, համաճարակի այլմոլորակային ծագման վարկածի տարածմանը նպաստել են հենց չինացի գիտնականները։ Իհարկե, հասկանալի է, որ չինացիները ամեն ինչ անում են ապացուցելու համար, որ իրենք չեն ստեղծել այն վիրուսը, որի պատճառով կյանքը փոխվել է ողջ աշխարհում։ Եվ այնուամենայնիվ համաձայնեք` բավական տարօրինակ է, երբ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի ղեկավար, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ուհանի բաժանմունքի նախագահ Յուան Ջիմինը հայտարարում է՝ «Նման վիրուս մարդկությունը դժվար թե կարողանար ստեղծել, մենք այդքան գիտելիք չունենք»։ Այսինքն` սա կարելի է ընկալել որպես թափանցիկ ակնարկ՝ մեր մոլորակի վրա չի առաջացել այս վիրուսը։
Եթե մեր մոլորակում չի առաջացել այս վիրուսը, ուրեմն պետք է փնտրել, թե որտեղ կարող էր առաջանալ։ Ու հենց այստեղ դավադրության տեսությունների կողմնակիցները հիշեցնում են՝ ինչպես թե, բա մոռացե՞լ եք, որ Երկրին է մոտենում Նիբիրու մոլորակը, որի վրա բնակվում են այսպես կոչված անունակները, որոնք թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ։ Այս վարկածի ամենաակտիվ տարածողն է ամերիկացի գրող Զաքարիա Սիթչինը։
Ի՞նչ է այդ առեղծվածային և վտանգավոր Իքս մոլորակը՝ Նիբիրուն։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե հենց մեր տարածաշրջանում՝ Միջագետքում, ժամանակին գտնվել են ժայռապատկերներ ու սեպագրեր, որոնք վկայում են այն մասին, որ Արեգակնային համակարգում գոյություն ունի ևս մի մոլորակ, որը, սակայն, այնքան հեռու է գտնվում արևից, որ Երկրին է մոտենում և տեսանելի է դառնում 3600 տարին մեկ։ Հիմա կասեք՝ դե հետո ի՞նչ, եթե նույնիսկ նման մոլորակ կա, մեզ համար դա ի՞նչ նշանակություն ունի, թող հանգիստ պտտվի արեգակի շուրջը, ինչպես պտտվում ենք մենք, Յուպիտերը, Սատուրնը և Վեներան։ Բայց ոչ, դավադրության տեսությունների ջատագովները համոզված են՝ այս անգամ Նիբիրուն բնակեցնող անունակները մոտենում են մեզ շատ վատ մտադրությամբ։
Այս վարկածը սկսեց շրջանառվել դեռ 90-ական թվականներին։ Դրա էությունը սա է՝ հազարամյակներ առաջ մենք բոլորս, այսինքն` ողջ մարդկությունը, ստեղծվել ենք անունակների կողմից՝ գենային ինժեներիայի միջոցով։ Նիբիրուի քաղաքակրթությունը պարզապես ինչ-որ գիտափորձ է ձեռնարկել կամ շատ ավելի կոնկրետ նպատակ է ունեցել՝ օգտագործել մեզ որպես ստրուկներ։ Երկար ժամանակ նախ մեր կարիքը չունեին, հետո էլ մեզանից շատ հեռու էին։ Բայց հիմա մեր կարիքն ունեն։
Ի՞նչ է պատահել։ Բացատրությունը սա է՝ երբ վերջին անգամ Նիբիրուն մոտեցել է արևին, ուղեծրի շեղում է տեղի ունեցել, և մոլորակը տուժել է, այնտեղ բնական աղետներ են եղել, քաղաքակրթության մի մասն էլ ոչնչացել է։ Մի խոսքով, անունակները զրկվել են բարգավաճ հայրենիքից և հիմա աչքը դրել են մեր հարազատ մոլորակի վրա։ Կորոնավիրուսի միջոցով կազատվեն մեզանից ու կապրեն մեր սիրելի Երկրի վրա հավիտյանս։
Համաձայնեք` նույնիսկ անտեղյակ մարդու համար այս ամենը բավական տարօրինակ է թվում՝ բա լավ, ինչպե՞ս են կարողացել այդ անտեր անանուկները վարակել մեզ, երբ դեռ չեն էլ մոտեցել Երկրին։ Որովհետև աստղագետները պնդում են՝ ախր ինչ-որ նոր երկնային մեծ մարմնի մոտենալը մեզ համար տարիներ առաջ պետք է տեսանելի լիներ։ Բայց ամենակարևորը՝ եթե Արեգակնային համակարգում կա ևս մի մոլորակ, նրա գոյությունը պետք է ազդեր մնացած մոլորակների ուղեծիրների վրա՝ այնպես չէ, որ տիեզերքում հայտնվում է մի նոր՝ լուրջ խաղացող, բայց դա ոչ մի կերպ չի ազդում մնացած խաղացողների վրա։
Նիբիրու մոլորակի հետ կապված այս ողջ պատմությունը, ասում են մասնագետները, միայն մի ճշմարիտ պահ է պարունակում՝ ճգնաժամների ժամանակ սովորաբար հակագիտական տեսությունները մեծ տարածում են ստանում։ Այս մեկը հաստատ է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am