Ամենը՝ շնորհիվ խորհրդանիշների` կարմիր զգեստներ, Դալիի դիմակներ և «Բելլա Չաո» երգը:
Հեռուստատեսային շոուներ դիտելը, հավանաբար, գլխավոր զարճանքն է կարանտինի ընթացքում: Վերջին շաբաթներին շատերը խորհուրդ են տալիս Netflix-ի իսպանական «Թղթե տուն» սերիալը (La Casa de Papel՝ իսպաներեն տարբերակով, և Money Heist՝ անգլերեն տարբերակով): Սերիալի մասին խոսեցին Անչելոտին, Ռեշֆորդը, Բակաևը, Գիլերմեն․ սա, իհարկե, ամբողջական ցանկը չէ:
Բանն այն է, որ ապրիլի սկզբին սկսվեց «Թղթե տան» չորրորդ եթերաշրջանը: Սա Netflix-ի ամենադիտվող սերիալներից մեկն է, 2018-ին այն դարձավ պլատֆորմի ամենատարածված ոչ-անգլիական հեռուստասերիալը: Ըստ սյուժեի՝ մի խումբ հանցագործներ պլանավորում են կողոպտել Royal Mint-ը Մադրիդում և Իսպանիայի բանկը։
Ֆուտբոլի երկրպագուներն ամենուր ոգեշնչված են այս սերիալով՝ Ֆրանսիայից և Հունաստանից՝ մինչև Սաուդյան Արաբիա: Սերիալի ստեղծողները կադրում օգտագործում են ամբողջ աշխարհում տեղադրված բաներները։
4 եթերաշրջանի ընթացքում սերիալը ձեռք է բերել երկրպագուների հսկայական բազա: Շատ առումներով դա պայմանավորված է գրավիչ կերպարներով: Կարմիր զգեստները, Սալվադոր Դալիի դիմակները, իտալական «Բելլա Չաո» երգը. այս ամենը գրավում է մարդկանց, և նույնպես դառնում էին ֆուտբոլային մշակույթի մաս: Ահա «Օլիմպիակոսի» երկրպագուների ելույթները Եվրոպա լիգայի 2018/19-ի «Միլանի» դեմ խաղից առաջ:
La Casa De Papel գրառումը դարձել է La Casa Del Trofeo («Մրցանակների տուն»)։
Հաղթանակից հետո (3:1) Օլիմպիակոսի երկրպագուները դուրս եկան դաշտ: Ոմանք՝ կոստյումով և դիմակով:
«Այս սիմվոլները հեշտ է պատճենել և կրկնել: Դրանք կարող են հարմարեցնել ձեր կարիքներին: Մարդիկ այսպես են հագնվում տարբեր առիթներով տարբեր վայրերում: Բայց միշտ կա թաքնված պայքար համակարգի դեմ»,- բացատրում է սերիալի ռեժիսորներից մեկը՝ Կոլդո Սերան:
Ռեժիսոր Խեսուս Քոլմենարը համաձայն է իր գործընկերոջ հետ. «Այս պատկերները դարձել են միջազգային հաջողության ամենակարևոր պատճառներից մեկը: Սրանք համընդհանուր խորհրդանիշներ են, որոնք տարածված են բոլորի համար: Յուրաքանչյուր ոք կարող է վերցնել կարմիր զգեստ, Դալիի դիմակ և երգել «Բելլա Չաո»՝ որպես իրենց պայքարի մաս»:
Հիմա սերիալից ոգեշնչված է ոչ միայն ֆուտբոլը, այլև սերիալն է օգտվում երկրպագուների ակցիաներից։ 2018 թվականին «Ռենի» երկրպագուները փակցրեցին պաստառներ «Թղթե տան» կերպարներով և «La Casa de Roazhon» մակագրությամբ (հղում՝ Roason Park տնային մարզադաշտին):
Սերիալի ստեղծողներն այս դրոշակն օգտագործեցին երրորդ եթերաշրջանում։ Նրանք ասացին, որ դրոշը պատրաստվել է Ֆրանսիայում, բայց մակագրությունը փոխարինվել է ավելի հարմար գրությամբ՝ «Ազատություն, հավասարություն, դիմադրություն»: Տեսարանն ուղեկցվում էր «Լիվերպուլի» հիմնով՝ «Դու երբեք չես քայլի մենակ»։
Սերիալը շատ են սիրում նաև ֆուտբոլիստները։ Դե Յոնգը և Պալերմոն օգնեցին դրա առաջխաղացմանը, իսկ մի շարք ակումբներ դուրս եկան դաշտ Դալիի դիմակներով։
2018 թվականին բրազիլական «Ֆորտալեզայի» ֆուտբոլիստներն իրենց համար երաշխավորեցին «B» Սերիայի չեմպիոնների տիտղոսը:
Իսկ հետո նրանք դուրս եկան դաշտ «Բելլա Չաո» երգի ուղեկցությամբ։ Ի դեպ, սերիալի թողարկումից հետո այս երգը շատ սիրված դարձավ աշխարհի ֆուտբոլասերների շրջանում:
Անցյալ տարի Եգիպտոսի օլիմպիական թիմը նույն հնարքն արեց։ Նրանք հասան մինչև 23 տարեկաների՝ Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Դալիի դիմակներով՝ երգելով «Բելլա Չաոն»: Եվ նվաճեցին գավաթը: Վճռական գոլը Կոտ դ’Իվուարի դեմ խաղում եգիպտացիները լրացուցիչ ժամանակում խփեցին (2:1):
Սոցիալական ցանցերում սերիալով հիացել են Բարտրան, Ումտիտին և Դանի Ալվեսը: Լուկ դե Յոնգը օգնեց Նեթֆլիքին սերիալի առաջխաղացման մեջ Նիդեռլանդներում և Բելգիայում, իսկ Մարտին Պալերմոն՝ Արգենտինայում:
Պալերմոյի գաղափարը շատ հետաքրքիր էր: Նա «Բոկա Խունիորսի» ռեկորդակիրն է խփած գոլերի քանակով (234): Արդյունքում՝ շարքում հայտնվեց Պալերմո անունով մի կերպար, որը խաղում էր արգենտինացի դերասան Ռոդրիգո դե լա Սերնան: Իրական կյանքում նա, իհարկե, «Բոկայի» երկրպագու է:
Բայց «Թղթե տան» հիմնական երկրպագուն Նեյմարն է: Երրորդ եթերաշրջանում նա նույնիսկ հայտնվեց մի քանի դրվագներով՝ խաղալով բրազիլացի վանականի դեր:
Սցենարի հեղինակները Նեյմարի կերպարին տվեցին հեգնական ակնարկ, որում նա ասում է, որ ինքը չի սիրում ֆուտբոլը և երեկույթները: Նախկինում Նեյը Մբապեի հետ միասին հայտնվել էր կարմիր կոստյումով և Դալիի դիմակով՝ հենց ակումբի՝ Հելոուինի երեկույթների ժամանակ:
Այժմ «Թղթե տունը» շատ հանրաճանաչ է և դեռևս չի ավարտվել։ Գրեթե կասկած չկա, որ շարքը կերկարաձգվի հինգերորդ եթերաշրջանով։ Սա նշանակում է, որ մենք կտեսնենք շատ ավելի հղումներ ֆուտբոլին, և միգուցե ֆուտբոլիստներից ոմանք հետևեն Նեյմարի ուղուն և նկարահանվեն մի քանի դրվագներում:
Սիրարփի Աղաբաբյան