Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը, ինչպես հայտնի է, ծագումով Ռուսաստանից է եւ Հաղթանակի օրվա առթիվ Instagram-ում ցուցադրել է իր տատիկի մեդալները, որը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բուժքույր է եղել։
«Մայիսի 8-ին եւ 9-ին, համապատասխանաբար, նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ինչպես դաշնակիցների, այնպես էլ ռուսական բանակի համար։ Իմ ընտանիքում կային շատ մարտիկներ ու զինվորներ, ովքեր կռվում էին պատերազմում։ Սա տատիկիս՝ Տատյանա Պոպովայի լուսանկարն է, որն առաջնագծում բուժքույր է դարձել, երբ նա ընդամենը 16 տարեկան էր», – Instagram-ում գրել է Յովովիչը։
18 տարեկանում Միլայի տատիկն անցել է աներեւակայելի սարսափներով, հասել է Բեռլին: Նրա ամուսինը՝ մայրական կողմի պապը՝ Ալեքսանդր Լոգինովը, նույնպես անցել է ամբողջ պատերազմը, իսկ հայրական գծով պապիկը՝ Բոգդան Յովովիչը, կռվել է հարավսլավական պարտիզանների շարքերում։
«Ես շատ հպարտ եմ իմ ժառանգությամբ, իմ ազգի զարմանալի մարդկանցով։ Երբ գործերս վատ ընթացք են ունենում, մտածում եմ՝ ինչերի միջով է անցել իմ տատիկը, երբ նա դեռ երեխա էր, եւ այլեւս ոչինչ ինձ համար դժվար չի լինում։ Այսօր ես ցանկանում եմ հարգել նրանց եւ բոլոր այն խիզախ մարդկանց հիշատակը, ովքեր պայքարել են այս աշխարհն ավելի լավը եւ արժանի դարձնելու համար», – նշել է Յովովիչը։