Կարծիք կա, որ մեր մարմինը կարող է «ընտելանալ» որոշակի քաշի և փորձել պահպանել այն: Հնարավոր է՝ հենց դա է խանգարում շատ մարդկանց նիհարել: Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Lancet EClinicalMedicine ամսագրում, օրգանիզմին կարելի է «խաբել» ծանր բաճկոնով:
Ավելի վաղ Գետեբորգի համալսարանից շվեդ գիտնականները առաջ էին քաշել տեսություն այն մասին, որ մարդու կամ կենդանու նյութափոխանակությունը կարող է հարմարվել նրա քաշին։ Այդ համակարգը գիտնականներն անվանել են «գրավիտոստատ»։ Այն, նրանց խոսքերով, նախատեսված է որոշակի շրջանակներում քաշը պահպանելու համար։ Իսկ կենդանիների հետ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաշը պահպանվում է հորմոնների միջոցով, որոնք կարգավորում են ախորժակը։
Նոր հետազոտության մեջ գիտնականների նույն խումբը ստուգել է, թե արդյոք ճիշտ է «գրավիտոստատի» տեսությունը մարդկանց համար, և կարելի է արդյոք ծանրացված բաճկոնների օգնությամբ «խաբել» այդ մեխանիզմին։
Հետազոտությանը մասնակցել է 69 մարդ՝ թեթև ճարպակալմամբ (մարմնի զանգվածի 30-35 ինդեքսով): Մասնակիցների կեսը օրական 8 ժամվա ընթացում հագել է 1 կիլոգրամ, իսկ մյուս կեսը` 11 կգ քաշով բաճկոններ: Հետազոտության մասնակիցները չպետք է լրացուցիչ վարժություններ կատարեին, նրանց խորհուրդ է տրվել սովորականի պես ապրել։
3 շաբաթ անց մարդիկ, ովքեր հագել են թեթև բաճկոններ, նիհարել են միջինը 300 գրամով, իսկ նրանք, ովքեր ծանր բաճկոններ են հագել, կորցրել են միջինը 1,6 կիլոգրամ: Ընդ որում, մարմնի զանգվածի կորուստը տեղի է ունեցել ճարպային հյուսվածքի հաշվին: Ավելին, գիտնականները ճարպի կորստի ծավալը համեմատել են այն նիհարելու հետ, որին սովորաբար հասնում են «ֆիզիկական տարբեր մարզումներից հետո»:
Հետազոտության հեղինակները նախատեսում են հետագայում համոզվել, որ ծանր բաճկոն կրելը իսկապես կարող է նպաստել ավելորդ քաշ կորցնելուն՝ ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում: Նրանք նաև պատրաստվում են պարզել, թե ինչն է հատկապես ազդում քաշի նվազման վրա՝ ախորժակի անկումը, էներգիայի ծախսի ավելացումը, թե այլ գործոններ: