Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Գայանեն լուսանկարներում ներկայացել է բնական տեսքով՝ ցուցադրելով նաեւ ներքին զգացողությունները: Դերասանուհին պատասխանել է մեր հարցերին՝ խոսելով առանց դիմահարդարման ներկայանալու, փոփոխություններով պայմանավորված հոգեվիճակի, կանացի երջանկության, իր հանդեպ նախանձի եւ այլ թեմաների շուրջ:
Գայանե, ո՞ւմ մտահաղացումն էր, որ հենց այդպիսի՝ բնական տեսքով պետք է ներկայանաս ֆոտոշարքում:
Վաղուց էի ցանկանում բնական կերպարով ներկայանալ, որտեղ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ առանց շպարի, ու ցույց տալ ներքին հոգեվիճակս, թե ինչքան եմ ես բնությանը մոտ: Մտահաղացումն իմն է, բայց լուսանկարիչը՝ Աննան, շատ լավ կարողացել է դա պատկերել: Կարծում եմ՝ հետաքրքիր լուսանկարներ են ստացվել:
Շատերը հաճախ հաշտ չեն լինում իրենց արտաքինի հետ, հատկապես, երբ շպարված չեն: Երբեւէ եղե՞լ է, որ բարդույթներ ունենաս արտաքինի հետ կապված:
Ես երբեւէ չեմ ունեցել բարդույթներ: Իհարկե, բարդույթներ ունեն բոլորը, բայց արտաքինի հետ կապված բարդույթներ չունեմ, որովհետեւ մարդ գեղեցիկ է այնպես, ինչպես ստեղծված է բնությունից: Միշտ ինձ ավելի լավ եմ զգացել առանց շպարի:
Ե՞րբ ես քեզ ավելի գեղեցիկ եւ ներդաշնակ զգում:
Ես ինձ ներդաշնակ եւ գեղեցիկ եմ զգում, երբ արտաքինս եւ ներքինս համապատասխանում են իրար, երբ կա հոգու հետաքրքիր բալանս, երբ մտքերս խառնված չեն: Այդ ամեն ինչն արտացոլվում է արտաքինի վրա: Կարելի է ասել, որ ես ինձ լավ եմ զգում հենց այս ֆոտոշարքի կերպարում, որտեղ հենց ես եմ, չկա ոչ մի ավել բան, նույնիսկ ինչ-որ հատուկ կեցվածք չեմ ընդունել լուսանկարվելիս: Պարզապես, Աննան ֆիքսել է այն էմոցիաները, որոնք տվյալ պահին ունեցել եմ:
Ամենատպավորիչ հաճոյախոսությունը, որը երբեւէ ստացել ես, ո՞րն է եղել:
Ամենատպավորիչն այն հաճոյախոսությունն էր, երբ ինձ ասել են՝ ինչ սիրուն են պեպեններդ (ծիծաղում է):
Կոսմետիկայի ո՞ր պարագան ես պարտադիր օգտագործում:
Միշտ օգտագործում եմ շուրթերը փափկեցնող բալզամ:
Ե՞րբ ես, սովորաբար, դիմում ոճափոխությունների. դա պայմանավորված է ներքի՞ն, թե՞ արտաքին գործոններով:
Առհասարակ, մարդը դիմում է ոճափոխությունների, երբ ինչ-որ բան չի կիսում ինքն իր հետ: Ներքին պայքարի հետաքրքիր միջոց է նաեւ արտաքին փոփոխությունը: Եղել են դեպքեր, երբ կտրուկ փոփոխել եմ արտաքինս՝ մազերս եւ այլն, բայց փառք Աստծո՝ հիմա չունեմ նմանատիպ ցանկություն, ինչը նշանակում է, որ շատ լավ հոգեվիճակում եմ:
Ամբողջությամբ՝ style.news.am