Ամեն լումա, որ այսուհետ ՀՀ պետական բյուջեից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կուղղի դեպի ազգային կինոկենտրոն, ծառայելու է կառավարման հոգեվարքի երկարաձգմանը։
Եղավ այն, ինչ կանխատեսել էի 2 ամիս առաջ։ Կառավարման 3-րդ տարում պետական բյուջեից մեկ միլիարդից ավել գումար ստացած ազգային կինոկենտրոնի ղեկավարը երգեց կիսատ մնացած ֆիլմերի ողբը, աղաչեց, որ պետությունը «կինոգործիչների օգնելու» համար նոր գումարներ տա իրեն ու բացատրեց դա «կորոնավիրուսի մեղքով»։
Հայ Կինոյի հաշվին գործուղումներով, օրապահիկներով ու ճաշկերույթներով կաշկանդված ՀՀ ԿԳՄՍ նախարարության արախզմալյաններին միանգամից զգուշացնեմ՝ չանե՛ք նման բան։ Կինոկենտրոնը կուտակել է տասնյակ կիսատ կինոնախագծեր, որոնց մեջ գրեթե կես միլիարդ սառեցված պետական գումար կա։ Այս ֆիլմերով սպասվում են հետաքննություններ ու կինոկենտրոնը պետք է հաշվետու լինի ահռելի պետական կապիտալը վտանգելու համար։ Եթե Covid-19-ով պայմանավորված կինոյին աջակցելու հնարավորություն կա, ապա այն պետք է տրվի ուղիղ արտադրողներին, ոչ թե քննչական մարմինների դռներից չհեռացող կինոկենտրոնի ղեկավարությանը։
Հատուկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության թերուսների համար բացել եմ պատկերը, բացատրել մատների վրա։ Դժվար հասկացողների համար, կարող եմ կրկնել՝ մեր կինոն անդունդի մեջ է, որովհետև կինոկենտրոնը 2 տարում ֆինասավորել է 71, կրկնումները հանելով՝ 67 կինոնախագիծ:
18 լիամետրաժ ֆիլմ «զարգացում» փուլում
17 լիամետրաժ ֆիլմ «արտադրություն» փուլում
5 լիամետրաժ ֆիլմ «հետարտադրություն» փուլում
4 լիամետրաժ ֆիլմ «տարածում» փուլում
13 կարճամետրաժ ֆիլմ
14 անիմացիոն ֆիլմ
Առանձին «սիրելի» արտադրողների տարբեր նախագծերի տակ կինոկենտրոնը քառակի, հնգակի ֆինանսավորում է հաստատել։ Արդեն ներդրված գումարից բացի տվել է 2020-21 թթ-ին ֆինանսավորելու երաշխիքներ։ Այսպիսի փնթի կառվարում հայկական կինոն երբեք չի ունեցել ու այս մեքենայությունների վրա կառուցված մեծ բլեֆը, ֆինանսական այս «թղթե տնակը» մի օր պիտի փլվեր։ Սա covid-19-ով բացատրելը կինոկենտրոնի հերթական «մուխլյոժն» է, որին կհավատան միայն այդ գումարները մսխածները։
Covid-19-ով ոգևորված, հիմա նրանք նախանշել են մի գարշելի պլան՝ «սորտավորել» անավարտ ֆիլմերը։ Ներքաշելով նոր բլեֆի մեջ կորցնելու ոչինչ չունեցող հեղինակներին, նրանք փորձում են «հիմնավոր պատճառներ» գտնել «առանձին» կինոնախագծերի համար պետությունից հավելյալ ֆինանսավորում մուրալու համար։
Եթե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գնա այս գործարքին, կրելու է ՀՀ Պետական Բյուջեից մոտ կես միլիարդ դրամով ֆինանսավորված և կիսատ մնացած մի քանի տասնյակ ֆիլմերի վրա աչք փակելու, գումարները փոշիացնելու համար նոր պայմաններ ստեղծելու պատասխանատվությունը։
— с Marine Zakaryan.
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: