Շոգ եղանակին խորհուրդ է տրվում հրաժարվել յուղոտ սնունդից, ինչպես նաև ալկոհոլից և քաղցր ըմպելիքներից: Այսպիսի խորհուրդներով է հանդես եկել դիետոլոգ Մարինա Ապլետաևան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնագետի խոսքով՝ շոգ եղանակին ցանկալի է սննդակարգում մսամթերքը նվազեցնել, քանի որ դրանք երկար են մարսվում, իսկ շոգին նյութափոխանակությունը դանդաղում է: Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն գործածել, քանի որ դրանք խոնավություն և C վիտամին են պարունակում: Կարելի է ուտել նաև թռչնամիս, ձուկ և ծովամթերք:
Մասնագետը խորհուրդ է տալիս նախաճաշին ուտել բանջարեղենով օմլետ, ճաշին բանջարեղենային սառը ապուրներ, իսկ երշիկը ավելի լավ է փոխարինել թռչնամսով: Իսկ ընթրիքին կարելի է ուտել թռչնամիս, բանջարեղենով ձուկ, մրգահատապտղային աղանդեր: Ցանկալի է օրվա ընթացքում չմոռանալ մրգերի և հատապտուղների մասին:
«Դրանից բացի, շոգ ժամանակ անհրաժեշտ է շատ խմել սովորական ջուր, որ օրգանիզմի ջրազրկում չլինի»,- ասել է Ապլետաևան:
Մասնագետը խորհուրդ է տալիս սև թեյի փոխարեն նախապատվություն տալ կանաչին, խոտաբույսերի կամ մրգային թեյին: Ցանկալի է սուրճ խմել օրական 1-2 գավաթից ոչ ավելի:
Ինչ վերաբերում է շոգ եղանակին սպորտով զբաղվելուն, բժիշկ և վազքի մասնագետ Ալեքսեյ Լյուտիխը հիշեցրել է, որ շոգին չարժե ինտենսիվ վազքով զբաղվել, իսկ մարզումների միջև անհրաժեշտ է օրգանիզմին վերականգնվելու ժամանակ տալ: Դրանից բացի, նա կոչ է արել չմոռանալ շոգին ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ժամանակ ջուր խմելու մասին: