Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի տեսանկյունից առավել վտանգավոր են մարդկանց կուտակման վայրերը, ինչպիսիք են գրասենյակները, կրոնական հաստատություններն ու թատրոնները, ասվում է Ամերիկայի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկման կենտրոնի հետազոտության մեջ։
Ընդ որում՝ մաքուր օդին կամ ինչ-որ մակերեսից վիրուսով վարակվելու ռիսկը հետազոտության մեջ գնահատվում է որպես շատ ցածր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Կենտրոնի մասնագետները նաեւ եկել են եզրահանգման, որ վարակվելու համար անհրաժեշտ է, որ օրգանիզմում ներթափանցեն հազարավոր վիրուսային մասնիկներ։ Գիտնականները վերլուծել են, որ վիրուսակրի շնչառության դեպքում օդում հայտնվում են շուրջ 20 վիրուսային մասնիկներ մեկ րոպեի ընթացքում, իսկ զրուցելիս՝ 200, իսկ երբ վարակակիրը հազում կամ փռշտում է՝ 200 միլիոն մասնիկ։ Ընդ որում՝ վատ օդափոխվող տարածքում վիրուսը կարող է մնալ ակտիվ մի քանի ժամ շարունակ։
Այդ կապակցությամբ մասնագետները եկել են եզրահանգման, որ վարակվելու ռիսկն ամենաբարձրն է մարզասրահներում կամ համերգասրահներում, կինոթատրոններում, աշխատավայրում եւ դպրոցում, հանրային սննդի եւ այլ փակ վայրերում, որտեղ լինում են մարդկանց կուտակումներ։