Ամերիկյան Սփրինգֆիլդ քաղաքի վարսահարդարման սրահներից մեկում COVID-19 վարակված վարսահարդարները չեն վարակել 140 հաճախորդներից եւ 6 գործընկերներից որեւէ մեկին: Այս պատմությունը ցույց է տալիս, որ դիմակների ռեժիմին խստորեն հետեւելը եւ կանխարգելիչ այլ միջոցառումներն իսկապես կանխում են կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հաղորդվում է Սփրինգֆիլդ քաղաքի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Great Clips վարսահարդարման սրահի բոլոր աշխատակիցները խստորեն հետեւել են COVID-19-ի կանխարգելման բոլոր միջոցներին: Վիրուսով օդի հնարավոր աղտոտումը նվազեցնելու համար ընդունելությունն իրականացվել է սողացող ժամանակացույցով, աթոռները հեռվացվել էին միմյանցից, վարսահարդարները չեն մոտեցել հաճախորդներին ավելի մոտ, քան 1.8 մետր, երբ չեն կտրել նրանց մազերը: Եվ ամենակարեւորը՝ սրահի կանոնները պարտավորեցնում էին դիմակներ կրել եւ վարպետներին, եւ այցելուներին:
Երբ հայտնի դարձավ, որ երկու վարսավիրները հիվանդ են COVID-19-ով, նրանց 46 հաճախորդները եւս թեստ են հանձնեցին, սակայն ոչ մեկի մոտ վիրուս չհայտնաբերվեց: Վարսավիրանոցի մյուս այցելուները կարանտինացվել էին բժշկական հսկողության ներքո, եւ նրանց մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնվել: Այժմ վարակի ինկուբացիոն շրջանի հավանական տեւողությանը համապատասխան կարանտինային շրջանն անցել է: Վարակված վարսավիրների հաճախորդներից եւ գործընկերներից ոչ մեկը չի հիվանդացել:
«Սա հիանալի նորություն է COVID-19-ի կանխարգելման հարցում դիմակներ կրելու կարեւորության մասին»,- պաշտոնական հաղորդագրությունունում նշել է տեղական առողջապահության վարչության տնօրեն Քլեյ Գոդարդը:
Նա հավելել է, որ բժիշկները շարունակում են ուսումնասիրել այս պատմության մանրամասները, այդ թվում՝ օգտագործված դիմակների եւ կանխարգելիչ այլ միջոցառումների տեսակները: