Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ հեռարձակողների համար ճաշակի չափորոշիչներ չկան և չեն կարող լինել, եթե, իհարկե, բովանդակությունը չի հակասում օրենքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին:
Կոստանյանի հարցը մասնավորապես վերաբերում էր ցուցադրվող հնդկական սերիալներին: Նա նաև հետաքրքրվեց, թե առհասարակ ինչպես են սահմանում, թե որն է լավ բովանդակությունը, լավ որակը:
«Ճաշակի չափորոշիչներ չկան և չեն կարող լինել: Հեռարձակողները պետք է բավարարեն սոցիալական բոլոր խմբերի, բոլոր շերտերի տարիքային, սոցիալական, ճաշակային պահանջմունքները: Եվ, եթե մարդիկ կան, որոնք սիրում են ինչ-որ երգչի համերգ, ապա այն եթերում պետք է լինի: Եթե պահանջարկ կա հնդկական սերիալ նայելու, որը չի պարունակում էրոտիկա, բռնություն, բռնության կոչեր և այլն, ապա այդ մարդիկ պետք է հնարավորություն ունենան այդ սերիալը նայել»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ճաշակների բազմազանությունն ապահովվում է հեռարձակողների ամբողջ կազմով: «Մեկը կտա լավ դասական երաժշտություն, մյուսը, մեր կարծիքով, մի քիչ ավելի ցածրաճաշակ բովանդակություն, բայց, եթե նրանք չեն հակասում օրենքին, չեն հակասում ընդունված նորմերին, ապա այդ հեռուստաընկերություններից ճաշակ պահանջելն օրենսդրական նորմ չէ»,- ասաց Հակոբյանը:
Աննա Գրիգորյան