Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակվածների թվով հայտնվել է աշխարհում 13-րդ տեղում: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ Հայաստանում արդեն գրանցվել է վարակման 18 698 դեպք՝ մեկ միլիոնին բաժին է ընկնում 6310 դեպք:
ԱՄՆ-ն, որը վարակակիրների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղն է գրավում (2 234 475), այսօր միլիոնին բաժին ընկնող դեպքերի թվով (6752) 11-րդ տեղում է: 12-րդն է Լյուքսեմբուրգը՝ 6530 դեպքով (4085 գրանցված դեպք):
Իսպանիան, որը երկար ժամանակ վարակակիրների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղերում էր, հիմա մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով (6240) աշխարհում 14-րդ տեղում է:
Շվեդիան, որը խիստ կարանտինային միջոցառումներ չի մտցրել, մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակումների թվով (5404) միայն 16-րդ տեղում է:
Առաջին երեք տեղերը, ինչպես նախկինում, զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝ համապատասխանաբար մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման 29 622, 20 513 եւ 14 981 դեպքերով: Հարկ է նշել, որ Վատիկանում համաճարակի սկզբից հիվանդացել է միայն 12 մարդ, որոնք բոլորն արդեն ապաքինվել են, արդեն բավականին վաղուց նոր դեպքեր չեն գրանցվում:
Հիշեցնենք, որ դեռեւս 5 օր առաջ Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող COVID-19-ի դեպքերի թվով աշխարհում 15-րդ տեղում էր: