Որքա՞ն արժե COVID-19-ի բուժումը տնային պայմաններում Երևանում
Advertisement 1000 x 90

Որքա՞ն արժե COVID-19-ի բուժումը տնային պայմաններում Երևանում

57-ամյա Նարինեն վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից բուժվել է տնային պայմաններում։ NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմել է, թե որքան է արժեցել նրա բուժումը:

Պոլիկլինիկայի թերապևտը պացիենտին մակրոլիդային խմբից հակաբիոտիկ էր նշանակել (անվանումը չենք գրում ակնհայտ պատճառներով): 6 հաբի համար Նարինեն 5600 դրամ էր վճարել: Նրան անհրաժեշտ էր նաև մեկ ամիս վիտամին D ընդունել (ամսական 6000 դրամի) և արյունը ջրիկացնող դեղամիջոցի սրսկումներ նաել: Նրան պետք էր ընդհանուր 10 ներարկում անել, և դրանցից յուրաքանչյուրն արժեր 3500 դրամ. այսպիսով, Նարինեն այս դեղամիջոցի համար 35 000 դրամ է վճարել։

Բուժման ընթացքում ինչ-որ պահի Նարինեի վիճակը սկսել էր վատթարանալ, և նրան ևս մեկ հակաբիոտիկ էին նշանակել ցեֆալոսպորինների խմբից, որի համար նա 4200 դրամ է վճարել: Նրան նշանակվել էր նաև բրոնխալայնացնող դեղամիջոց, որը պետք է հեշտացներ նրա շնչառությունը: Այն արժեր 2200 դրամ: Հիվանդը նաև դեղամիջոց էր ընդունում ջերմության դեմ, բայց այն չէր գնում, քանի որ ուներ տանը։

Ակսպիսով, դեղորայքի համար Նարինեն վճարել է ընդհանուր մոտ 53․000 դրամ:

Դեղերից բացի, Նարինեն վճարել է նաև այն բժշկական հետազոտությունների համար, որոնք նրա բժշկական ապահովագրությունը չէր ծածկում և որոնք չէին արվել պետպատվերի շրջանակներում: Նարինեի խոսքով՝ թոքերի սոնոգրաֆիկ հետազոտության համար նա 10․000 դրամ է վճարել և ևս 3000 դրամ՝ արյան անալիզի համար:

ևս 2000 դրամ նա վճարել է իր տուն եկած բուժքրոջը, ով արել էր արյունը ջրիկացնող առաջին ներարկումը և սովորեցրել էր ինքնուրույն կատարել այդ ներարկումները: Բուժքույրը, ի դեպ, նրան ասել էր, որ այդ դեղամիջոցը COVID-19 ունեցող շատ հիվանդների են նշանակում՝ այս վարակի դեպքում թրոմբագոյացման բարձր ռիսկի պատճառով:

Բացի այդ, քանի որ բուժման ընթացքում ոչ Նարինեն և ոչ էլ նրա ընտանիքի անդամները չէին կարող դուրս գալ տնից, նա ստիպված էր լինում պատվիրել սնունդը և դեղամիջոցները, և առաքման համար ևս շատ դեպքերում պետք էր լրացուցիչ վճարել։

Մեկ այլ հիվանդի՝ 40-ամյա Նարեկի բուժումը (անունը փոխված է իր իսկ խնդրանքով) ավելի էժան էր. նրան ևս հակաբիոտիկ էր նշանակել մակրոլիդային խմբից, որի համար նա 7000 դրամ էր վճարել։ Նա նաև հակավիրուսային դեղամիջոց էր ընդունում, որն արժեր մոտ 6000 դրամ, ինչպես նաև՝ C և D վիտամիններ (միասին՝ մոտ 3400 դրամ): Արյունը ջրիկացնող դեղամիջոցներ Նարեկին չէին նշանակել, սակայն նշանակել էին ասպիրին պարունակող դեղամիջոց (մոտ 3000 դրամ): Նա ծախսել էր ընդհանուր 19400 դրամ։

Այլ պացիենտ՝ Արտաշես անունով, վարակը բավականին հեշտ է տարել՝ առանց բարդությունների, և նրան միայն հակաբիոտիկ (4950 դրամ՝ 5 հաբի համար) և հակավիրուսային դեղամիջոց էր (3130 դրամ՝ 5 հաբի համար) նշանակվել: Դեղամիջոցների համար նա վճարել է ընդհանուր 8080 դրամ:

Նշենք, որ Նարեկը տնային պայմաններում բուժվելուց հետո իր հաշվին կրկին կորոնավիորւսի ախտորոշման թեստ է հանձնել, որի արդյունքներն արդեն բացասական էին։ Առաջին անգամ անալիզներն արվել էին անվճար՝ պետպատվերի շրջանակներում, և արդյունքը դրական էր։ Նարինեն և Արտաշեսը առողջանալուց հետո երկրորդ անգամ թեստ չեն հանձնել, սակայն, իրենց խոսքով, արդեն իրենց առողջ են զգում։

med.news.am