36-ամյա Լուկաշ Սանդելեւսկին մահացել է կոֆեինի գերչափաքանակից: Լուկաշը լեհ ներգաղթյալ էր, որն ապրում էր անգլիական Փիթերբորո քաղաքում (Քեմբրիջշիր կոմսություն) եւ զոդող էր աշխատում, հայտնում է Independent պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Լուկաշի մարմինը գտել է նրա հարեւաններից մեկը այն բանից հետո, երբ նրա հետ կապ է հաստատել մահացածի անհանգստացած մայրը: Մահացածի սենյակում հայտնաբերել են զանազան ըմպելիքների ահռելի քանակությամբ դատարկ բանկաներ եւ շշեր:
Կորոներ Շոն Հորսթեդը զննել է նրա մարմինը եւ մահացածի արյան մեջ հայտնաբերել ահռելի քանակությամբ կոֆեին՝ արյան մեկ միլիլիտրում 282 միկրոգրամ նյութ: Արյան մեկ միլիլիտրին 80 միկրոգրամ կոֆեինի հարաբերակցությունը արդեն մահացու վտանգավոր է համարվում:
Հայտնի չէ, թե մահվանից առաջ Լուկաշը կոնկրետ ինչ եւ ինչ քանակությամբ է խմել: Կորոներները պարզել են, որ նրա մահը եղել է կանխամտածված գործողության չկանխամտածված հետեւանք:
«Նա կանխամտածված գործածել է կոֆեինի զգալի եւ մահացու քանակություն, բայց ես բավարար ապացույցներ չեմ տեսնում, որ նա մտադրվել էր այդ կերպ ինքնասպան լինել»,- ասել է Հորսթեդը եւ հավելել, որ լեհի մարմնի մոտ չեն հայտնաբերել մահվանից առաջ թողած գրառում:
Մահացածի արյան մեջ նաեւ նորմայից բարձր ալկոհոլի խտություն կար՝ 100 միլիլիտրին 80 միլիգրամ: Հորսթեդը, սակայն, դա անվանել է հարբածության եւ թեթեւ թունավորման նշան: