Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն այսօր նշում է իր ծննդյան 32-ամյակը։ Առիթը բաց չթողնելով՝ ShowBiz.am-ը զրուցել է հոբելյարի հետ, պարզել, թե ինչ պլաններ ունի օրվա հետ կապված, անդրադարձել նաև ամենահիշարժան ծննդյան օրվան և նվերին, ինչպես նաև խոսել ամենանվիրական երազանքներից։
«Այսօր դարձա 32 տարեկան։ Բայց պետք է անպայման նշեմ, որ 22-ից հետո ես էլ չեմ հաշվում՝ քանի տարեկան եմ, որովհետև ես այդ տարիքում էլ մնացել եմ։ Ու չեմ էլ ուզում մտածել, որ այդ թվերը ինչ-որ կապ ունեն ինձ հետ։ Դե, սկզբում չէինք կողմորոշվում՝ ինչպես նշել օրս, որովհետև այս իրավիճակում մի փոքր վտանգավոր է մեծ միջոցառում կազմակերպելը, բացի այդ էլ բոլոր ժամանցի վայրերում հինգ հոգուց ավելի մարդ չի թուլատրվում հավաքվել։ Ամեն դեպքում փորձելու ենք իմ ամենահարազատ մարդկանց շրջապատում երեկոն անցկացնել»,- պատմում է դերասանուհին։
Նվիրական երազանք Նազիկը նույնպես ունեցել է, և ի ուրախություն իրեն՝ այն արդեն հասցրել է իրականություն դառնալ։ «Ուրեմն, երևի թե, մինչև երեսունն ամեն տարի երազանք էի պահում, որ ես երգեմ ու իմ ձայնը բոլորին հասանելի լինի՝ որպես երգչուհի։ Բայց քանի որ իմ ամենամեծ ու ամենանվիրական երազանքը կատարվեց ու հենց իմ երեսուն ամյակին ես համերգ ունեցա, և մենք շատ մեծ շուքով նշեցինք, դրանից հետո ես տարբեր երազանքներ եմ սկսել պահել, որոնք, իհարկե, էլի ցանկանում եմ, որ անպայման կատարվեն։ Այս տարի ես բոլոր նրանց, ովքեր ինձ շնորհավորում են, միմիայն մաղթում եմ կրկնակի առողջություն և մոմերը փչելիս էլ դրա մասին եմ ցանկություն պահելու»,- անկեղծանում է Նազիկը։
Տարիների ընթացքում դերասանուհին էլի նույն ակտիվ, պայծառ ու երազանքներով լեցուն աղջիկն է մնացել, ով շարունակում է ակտիվ ու հագեցած կյանք վարել։ «Ես, ճիշտն ասած, երբեք չէի հավատում, երբ ասում էին երեսունից հետո մարդիկ փոխվում են և ավելի կայուն ու, այսպես ասած, հասուն են դառնում։ Բայց ես իսկապես ասում եմ, որ երեսուն տարեկանից հետո մի փոքր հասունություն եմ ձեռք բերել, ուրիշ կերպ եմ սկսել նայել շատուշատ հարցերի։ Ի դեպ, հիմա կարծում եմ, որ երեսունից հետո նոր սկսվում է ծաղկուն տարիքը՝ չնայած որ ես ինձ էլի 22-ում եմ շարունակում տեսնել»,- ժպիտով պատմում է դերասանուհին։
Ամբողջությամբ՝ showbiz.am