Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին
Advertisement 1000 x 90

Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին

Լեզվի որոշ փոփոխություններ կարող են վկայել առողջության հետ կապված խնդիրների մասին, ինչպես նշում են Emergency Dentist Sydney-ի (Ավստրալիա) մասնագետները։

Daily Mail-ը պատմում է, որ սպիտակ փառը սովորաբար հայտնվում է բերանի խոռոչի հիգիենան չպահպանելու, ծխելու կամ ալկոհոլի հաճախակի օգտագործման պատճառով: Բայց եթե այն պահպանվում է երկու շաբաթից ավելի, ապա այդպիսի ախտանիշը կարող է վկայել սնկային վարակի կամ լեյկոպլակիայի մասին:

Լեզվի կարմրությունը եւս մեկ ախտանիշ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Լեզուն կարող է կարմրել սթրեսի կամ այնպիսի տարրերի պակասի պատճառով, ինչպիսիք են ֆոլաթթուն, վիտամին B12-ը: Բացի այդ, կարմրությունը կարող է պայմանավորված լինել ալերգիկ ռեակցիայով: Այն կարող է նաեւ խոսել սուր ֆարինգիտի կամ քութեշի մասին:

Ատամնաբույժները նաեւ ասում են, որ 40-ից բարձր տարիք ունեցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ծխում են, բերանի քաղցկեղի զարգացման մեծ վտանգի են ենթարկված: Նրանք կարող են իրենց լեզվի վրա գտնել այնպիսի վերք, որը երկար ժամանակ չի բուժվում, կամ ելուստ։ Քաղցկեղի այլ ախտանիշներից են արյունահոսությունը, լեզվի թմրելը, կարմիր կամ սպիտակ բծերի հայտնվելը: Այս բոլոր ախտանշանները բժշկի դիմելու առիթ են հանդիսանում։

news.am