ԱՄՆ-ում COVID-19-ից ապաքինված կինը կրկին կորոնավիրուսի թեսթի դրական պատասխան է ստացել: Բժիշկները մտավախություն ունեն, որ պաշտոնապես ապաքինված որոշ հիվանդներ, որոնք ՊՇՌ թեսթի բացասական արդյունք են ունեցել, երկար ժամանակ անց դրական արդյունք են ունենում՝ առողջական լուրջ խնդիրների ֆոնին: Սա կարող է նշանակել, որ կորոնավիրուսի հանդեպ ձեռք բերված իմունիտետը ժամանակի ընթացքում իջնում է, կամ հիվանդության ռեցիդիվի հավանականություն կա:
CNN- ի փոխանցմամբ, Շելբի Հեջքոք անունով կինը կորոնավիուսի առաջին դրական ՊՇՌ թեսթը ապրիլի վերջին է ստացել: Մայիսի 9-ին թեսթը բացասական է եղել, եւ հիվանդին ապաքինված են համարել: Դրանից անցել է 3 ամիս, բայց նա դեռ իրեն վատ է զգում՝ նրան տանջում են գլխացավերը, քրոնիկ հոգնածությունն ու թուլությունը, բացի այդ, նա խոսքի ապարատի խնդիրներ ունի:
Medportal-ը պատմում է, որ բացասական արդյունք ստանալուց 2 շաբաթ անց կինը կրկին անալիզ է հանձնել, որը կատարվել է ՊՇՌ մեթոդով: Բերանի խոռոչի քսուքի վրա հիմնված թեսթը բացասական է եղել, մինչդեռ քթի քսուքը կրկին հաստատել է կորոնավիրուսի առկայությունը: Բժիշկները փորձում են հասկանալ՝ արդյոք առաջին բացասական թեստը սխալ է եղել, թե ապաքինումից հետո կինը կրկին շուտով վարակվել է։
«Մենք առայժմ կրկնակի վարակման փաստաթղթավորված դեպք չունենք: Բայց չի նշանակում, որ դրանք չեն կարող լինել: Եթե կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ կորցնեն իրենց իմունիտետը վարակի դեմ, վեց ամիս անց մենք կտեսնենք նման դեպքերի զգալի քանակ»,- CNN-ին ասել է բժշկական լրագրող Սանջայ Գուպտան:
Նրա խոսքերով՝ ՊՇՌ թեսթերի որոշ տեսակներ ունեն կեղծ բացասական արդյունքների բավական բարձր տոկոս`15%-20%: Սա նշանակում է, որ սխալ պատասխան ստացած մարդիկ որոշել են, որ իրենք արդեն առողջ են, բայց իրականում նրանք շարունակել են հիվանդ մնալ եւ հավանաբար տարածել վարակը: