Եթե երեխայի ընտանիքում որևիցե ինֆեկցիոն հիվանդությամբ մարդ կա, դա սովորաբար պլանային պատվաստմանը հակացուցված չէ, եթե իր՝ երեխայի մոտ հիվանդության ախտանիշներ չկան: Սակայն կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում հարցն այլ է, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ COVID-19-ը նոր ինֆեկցիա է, և դրա համավարակի ժամանակ չի կարելի առաջնորդվել այն նույն սկզբունքներով, որոնք օգտագործվում են այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:
Եթե երեխայի ընտանիքում կա կորոնավիրուսային ինֆեկցիայով մարդ, երեխան կարող է իր օրացուցային պլանային պատվաստումները ստանալ վարակված ազգականի առողջանալուց հետո 14 օր անց. հենց այդքան է սովորաբար տևում հիվանդության ինկուբացիոն շրջանը:
Իսկ եթե կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվել է երեխան, ապա նա պլանային պատվաստումները կկարողանա ստանալ միայն լիակատար ապաքինումից հետո:
Մասնագետը նաև նշեց, որ Հայաստանում երեխաներին մինչև պլանային պատվաստումները չեն թեստավորում կորոնավիրուսի ախտորոշման համար, քանի որ դա անիմաստ կլիներ. իրավիճակն արագ է փոխվում, և եթե այսօր մարդու մոտ կորոնավիրուս չկա, դա չի նշանակում, որ վաղը նա չի կարող դրանով վարակվել: