Ծանր դեպրեսիայով կինն իրեն հավ է զգացել
Advertisement 1000 x 90

Ծանր դեպրեսիայով կինն իրեն հավ է զգացել

Բելգիայում 54-ամյա կնոջը գտել են տան մոտի այգում, երբ նա կռթկռթում էր եւ հավի նման շարժվում: Պարզվել է, որ նրա մոտ հոգեկան խանգարում կար՝ կապված դեպրեսիայի հետ, եւ նա մտածում էր, որ հավ է դարձել:

Պացիենտը, ում անունը չի հրապարակվում, նախկինում երբեք թմրանյութեր կամ ալկոհոլ չի չարաշահել: Նա ամուսնացած էր, մինչեւ տեղի ունեցածը դեղատանը կայուն աշխատանք է ունեցել:

Մի օր եղբայրը կնոջը գտել տան մոտի այգում, երբ նա ուռեցնում էր այտերը եւ ծուղրուղու կանչում: Նա նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ պացիենտը բժիշկներին ասել է, որ ինքը հավ է, եւ նկարագրել է ոտքերի նոր զգացողությունները:

Այս նոպայից կարճ ժամանակ անց, երբ նա ուշքի է եկել, ընտանիքը նրան պատմել է տեղի ունեցածի մասին: Պարզվել է, որ պացիենտը ոչ մի բան չի հիշել այն մասին, որ իրեն հավ է համարել, եւ ազգականների պատմածը նրան չափազանց շփոթեցրել է:

Ավելի ուշ պարզվել է, որ կինը դեպրեսիայով է տառապել ընտանիքի անդամներից մեկի մահվան պատճառով: Նա կարողացել է աշխատավայր վերադառնալ նոպայից հետո միայն մեկ տարի անց:

KU Leuven-ից հետազոտողների խոսքով՝ զոանտրոպիայի շատ դեպքեր, երբ մարդն իրեն կենդանի է համարել, իրականում չեն գրանցվում: Նրանք նշում եմ, որ այսպիսի վիճակում պացիենտները դժվարանում են նկարագրել իրենց  մտքերը: 1850-2012 թվականներն ընկած ժամանակահատվածի բժշկական եւ պատմական գրականության մեջ գրանցված է հիվանդության 56 օրինակ: Պացիենտներն իրենց անվանել են տարբեր կենդանիներ եւ միջատներ՝ շներից մինչեւ մեղուներ: Գիտնականների խոսքով՝ նման վիճակները կապված են հիմնական հոգեկան խանգարումների հետ, ինչպես՝ շիզոֆրենիայի, փսխոտիկ դեպրեսիայի եւ երկբեւեռ խանգարման:

news.am