Twitter-ի աշխատակիցները գաղտնի հետևել են աստղերին
Advertisement 1000 x 90

Twitter-ի աշխատակիցները գաղտնի հետևել են աստղերին

Ամեն ինչ տեղի է ունեցել «խաղի» արդյունքում։

Դեռևս մի քանի տարի առաջ Twitter-ի աշխատակիցները մտածել էին  «խաղ», որում նրանք լրտեսում էին հայտնիներին՝ մուտք գործելով նրանց հաշիվները՝ օգտագործելով ընկերության ներքին գործիքները, հայտնում է Bloomberg-ը: Հրապարակման համաձայն, նույն գործիքներն օգտագործվել են այս տարվա հուլիսի կեսերին աստղերի էջերը զանգվածային հակերային հարձակման ենթարկելու  համար:

2017-2018 թվականներին Twitter-ի պայմանագրային ծառայության աշխատակիցներն օգտագործել են իրենց հասանելիությունը պլատֆորմի ներքին գործիքներին՝ հայտնի մարդկանց լրտեսելու համար, հայտնում է Bloomberg-ը:

Հրապարակման համաձայն՝ վերը նշված գործիքներն օգտագործվում են ընկերության աշխատակիցների կողմից` հաշվի կարգավորումները վերափոխելու կամ պլատֆորմի քաղաքականության խախտումներին արձագանքելու համար, բայց, ինչպես պարզվեց, դրանք նաև հարմար են հատուկ մարդկանց լրտեսելու համար:

«Ստուգումները այնքան մատչելի էին, որ մի պահ՝ 2017 և 2018 թվականներին, որոշ աշխատակիցներ իրենց համար խաղ ստեղծեցին՝ ստեղծելով կեղծ աջակցության պահանջներ, որոնք թույլ տվեցին նրանց փնտրել անվանի մարդկանց հաշիվներ, ներառյալ՝ Բեյոնսեինը, պարզել աստղերի անձնական մանրամասները, այդ թվում՝ դրանց մոտավոր տեղաբաշխումը, որը ձեռք է բերվել նրանց սարքերի IP հասցեներից»,- նշված է Bloomberg-ի նյութում:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ «խաղն» այնքան տարածված էր, որ Twitter-ի անվտանգության ծառայությունը ժամանակ չուներ հետևելու չարաշահման բոլոր դեպքերին:

Business Insider-ին տված հարցազրույցում Twitter-ի խոսնակը նշում է, որ  ընկերությունը չափազանց բացասաբար է վերաբերվում ներքին գործիքների չարաշահմանը, և նման պահվածքը կարող է հանգեցնել աշխատանքից հեռացման: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Bloomberg-ի հաղորդած դեպքերը:

Twitter-ի անվտանգության համակարգը ստուգվել  է օգտագործողների, լրատվամիջոցների և ԱՄՆ օրենսդիր մարմինների կողմից այն բանից հետո, երբ հասարակական գործիչներին և խոշոր ձեռնարկություններին պատկանող 130 հաշիվներն այս տարվա հուլիսի կեսերին խաբվել են։

Հակերների հարձակման արդյունքում տուժել են Բիլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը, Իլոն Մասկը, Մայք Բլումբերգը, Ուորեն Բաֆեթը, Բարաք Օբաման, Ջո Բայդենը, Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը և այլ հայտնիներ:

Կեղծված պրոֆիլներում կիբերհանցագործները տեղեկատվություն են տարածել «բիթքոինների բաշխման» մասին:

Հակերները օգտվողներին խնդրել են իրենց փոխանցել հազար դոլար բիթքոիններ՝ խոստանալով այն հասցնել երկու հազարի: Հակերության արդյունքում հանցագործներին հաջողվել է առնվազն 120 հազար դոլար վաստակել:

«Դեպքը «համակարգված սոցիալական ինժեներության գրոհի» արդյունք էր, որն օգնում էր հակերներին մուտք գործել պլատֆորմի ներքին գործիքներ, որոնք սովորաբար հասանելի էին միայն սահմանափակ թվով աշխատողների»,- ավելի ուշ հաղորդել է Twitter-ի մամուլի ծառայությունը:

Այս գործիքների օգնությամբ հակերները կարողացել են մուտք գործել աստղերի թաքնված անձնական տեղեկություններ, ներառյալ՝ հեռախոսի համարը, էլփոստը և նույնիսկ, որոշ դեպքերում, անձնական նամակագրություններ։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է The New York Times-ը, որը կարողացել է կապ հաստատել հարձակվողների հետ, որոնք ենթադրաբար ներգրավված են հարձակման մեջ, դրանում գլխավոր դերը խաղացել է ինչ-որ «Քըրք», որն իրեն ներկայացել է՝ որպես Twitter-ի աշխատակիցներից մեկը:

Միևնույն ժամանակ՝ Twitter-ը կարող է մեծ տուգանքի ենթարկվել՝ իր օգտագործողների անձնական տվյալները չպաշտպանելու համար:

Սիրարփի Աղաբաբյան