Ո՞վ է իսկական տղամարդը. Միխայիլ Լաբկովսկի
Advertisement 1000 x 90

Ո՞վ է իսկական տղամարդը. Միխայիլ Լաբկովսկի

Ռուսաստանցի հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին ձևակերպում է իսկական տղամարդու իր բանաձևը:

1-ին

Իսկական տղամարդն առանձնապես չի բարձրաձայնում իր տղամարդկության մասին: Դա նշանակում է. որ նա ընդհանրապես թքած ունի գենդերային ստերեոտիպերի վրա, և նա իր միակ կյանքը չի վերադասավորի այն բանի համար, որ ստանա սոցիումի հավանությունը: Նա աշխատանքը, հետաքրքրությունները, հոբբին, կերակուրը, գույները, ավտոմեքենայի մակնիշը և այլն չի բաժանում՝ կանացի ու տղամարդու: Նա թքած ունի դրա վրա: Եվ ընտրում է նա այն, ինչ իրեն է դուր գալիս: Դա նրա միակ չափանիշն է:

2-րդ

Իսկական տղամարդը կարողանում է իր վրա պատասխանատվություն վերցնել: Նա չի մեղադրում տնտեսական իրավիճակը, կառավարությանը, ընկերներին, ծնողներին ու էլի ինչ-որ մեկին իր անհաջողությունների մեջ: Նա լիովին վերահսկում է իր կյանքը ու չի համարում, որ ինչ-որ մեկի բախտն ավելի է բերել, քանի որ նա առավելություն ունի, նրան աջակցում են, ղեկավարի հետ է ընկերություն անում, հարուստ ծնողներ ունի, և այլն: Նա դրա վրա թքած կունենա: Նա գնում է իր ճանապարհով ու չի նայում ուրիշի ափսեին:

3-րդ

Իսկական տղամարդը կարողանում է հաղթահարել անհաջողությունները: Դա չի նշանակում, որ նրա կյանքում ամեն բան հարթ է, ու անհաջողություններ չեն լինում: Եթե նա սխալվել է, փող է կորցրել, հնարավորություն է բաց թողել ձեռքից և այլն, նա կարողանում է կանգնել, իրեն թափ տալ ու առաջ գնալ:  Նա իրեն չի «քրքրում»  անցյալի համար ու չի ապրում անցյալով: Նա կյանքն ընդունում է այնպիսին, ինչպիսին այն կա, ու աշխատում է ամեն ինչից դասեր քաղել:

4-րդ

Իսկական տղամարդը հասկանում է «ոչ» բառը ու ոչ ոքի հետևից չի ընկնում: Եթե կինն իրեն դուր է գալիս, նա ունակ է առաջին քայլն անել ու չի վախենում բաց խոսել իր նախընտրությունների ու զգացմունքների մասին: Նա կարիք չունի որևէ մեկին նվաճելու, քանի որ իր ինքնագնահատականը կանանց շրջանում հաջողություն ունենալուց առհասարակ կախված չէ: Նա հասկանում է, որ կարող է ինչ-որ մեկին դուր չգալ, բայց դա նրան բացարձակապես չի անհանգստացնում: Նա գերադասում է այն կանանց, ովքեր պատրաստ են արձագանքի:

5-րդ

Նա սիրում է իրեն: Նրան դուր է գալիս այն, ինչ ինքն անում է, և այն, թե ինչ տեսք ունի առհասարակ: Նա ձգտում է կյանքից հաճույք ստանալ, այլ ոչ թե համապատասխանել այլոց սպասումներին այն մասին, թե ինչպիսին պիտի լինի «իսկական տղամարդը»: Հենց դա էլ նրան դարձնում է այնպիսի մարդ, ով ունակ է աջակցել ուրիշներին ու կիսվել նրանց հետ ինչ-որ բանով:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը