Ցելյուլիտ․ Իսկապե՞ս դա խնդիր է և կարելի՞ է արդյոք դրանից ազատվել․ Մասնագետի կարծիք
Advertisement 1000 x 90

Ցելյուլիտ․ Իսկապե՞ս դա խնդիր է և կարելի՞ է արդյոք դրանից ազատվել․ Մասնագետի կարծիք

Այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են «հակացելյուլիտային» մերսումներ և փաթաթումներ, համացանցում էլ կարելի է բազմաթիվ հոդվածներ գտնել ցելյուլիտի դեմ պայքարի «արդյունավետ» մեթոդների մասին։ Այս մեթոդներն արդյոք իսկապե՞ս արդյունավետ են։ Եվ արժե՞ ընդհանրապես պայքարել ցելյուլիտի դեմ։ Այս բոլոր հարցերի պարզաբանմանը NEWS.am Medicine-ին օգնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Ի՞նչ է Ցելյուլիտը

Այսօր շատերը ցելյուլիտ են անվանում մաշկի «նարնջային կեղևը» (սովորաբար ազդրերի և հետույքի հատվածներում), բայց բժշկության մեջ ցելյուլիտը ծանր հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է մաշկի և ենթամաշկային մանրաթելերի բորբոքային ախտահարում։ Այն սովորաբար ծանր ընթացք ունի և լուրջ բուժում է պահանջում (որոշ դեպքերում՝ նույնիսկ ստացիոնարում)։ Եվ, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունի մաշկի վրա «նարնջային կեղևի» հետ։

Իսկ «նարնջային կեղևը», որը ժողովուրդն անվանում է «ցելյուլիտ», իրականում «գինոիդային լիպոդիստրոֆիա» է («գինոիդային» նշանակում է «ըստ կանացի տիպի»)։ Եվ սա ամենևին անոմալիա չէ, այլ կնոջ օրգանիզմին հատուկ ֆիզիոլոգիական վիճակ և կախված է հորմոնալ ֆոնից ու մաշկի տակ ճարպային բջիջների տեղադրության առանձնահատկություններից (տղամարդկանց և կանանց մոտ տարբեր հորմոնների ազդցությամբ դրանք տարբեր կերպ են տեղակայվում)։ Պատահական չէ, որ երևույթը հանդիպում է թե՛ գեր, թե՛ նիհար կանանց մոտ։

Ցելյուլիտի դեմ փաթաթում և մերսում

Ինչ էլ պնդեն գովազդում, ո՛չ փաթաթումները, ո՛չ մերսումը չեն օգնի ազատվել, այսպես կոչված, ցելյուլիտից, քանի որ դրա առաջացման պատճառը, ինչպես արդեն վերևում նշեցինք, կնոջ հորմոնալ համակարգում է թաքնված։ Ինչպես պնդում է դիետոլոգ-էնդոկրինոլոգը, ցանկացած կոսմետիկ գործողությունների արդյունքը երկար չի տևում։

Փաթաթումների և կոշտ մերսման դեպքում տեղի է ունենում հետևյալը՝ հյուսվածքները, որոնց նկատմամբ կատարվել են այս միջամտությունները, այտուցվում են, և տեղի է ունենում հեղուկի ժամանակավոր վերաբաշխում, ինչի հետևանքով սկսում է թվալ, որ մաշկն ավելի հարթ է դարձել, և որ «փոսիկներն» անհետացել են։ Բայց ցանկացած այտուց ժամանակի ընթացքում կանցնի, և օրգանիզմը կվերադառնա իր նախկին վիճակին, իսկ «ցելյուլիտը» նորից կհայտնվի։

Ավելին՝ կոշտ մերսումը որոշ դեպքերում կարող է վնասակար լինել, քանի որ կարող է առաջացնել ոչ միայն հյուսվածքների վնասում, այլև ազատված ճարպերի կուտակում առողջ մնացած ադիպոցիտներում։

Իսկ ի՞նչն է իսկապես արդյունավետ

Ինչպես նշեց մասնագետը, այն, ինչ անվանում են ցելյուլիտ, իրականում կանանց համար նորմա է, իսկ բժշկության մեջ ընդունված չէ պայքարել նորմայի դեմ կամ այն բուժել։ Սակայն առողջ սնունդը և համարժեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են օգնել քաշի նորմալացմանը, բարելավել ֆիզիկական վիճակը և մաշկի վիճակը, հետևաբար՝ նաև ընդհանրապես կազմվածքը, և ազդրերի ու հետույքի մաշկը շատ ավելի լավ տեսք կունենա։

med.news.am