Ինչպես ՉԻ ԿԱՐԵԼԻ բարձրանալ Արագած։ Ուղեցույց արշավականի կողմից. travel-club.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ՉԻ ԿԱՐԵԼԻ բարձրանալ Արագած։ Ուղեցույց արշավականի կողմից. travel-club.am

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» ղեկավար Յաշա Սոլոմոնյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանում վերջին տարիներին արշավային տուրերի ակտիվացմանը զուգահեռ ցավոք ավելանում են նաև դժբախտ պատահարներն ու խնդիրները։

Առաջարկում ենք ծանոթանալ մեր փորձառու արշավականի դիտարկումներին և խորհուրդներին։#ATC #ArmenianTravelClub #ՀայկականՃամփորդականԱկումբ #արի_գնանք_Հայաստան»:

Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի անդամ, արշավական Սարգիս Պարսամյանը Հայկական Ճամփորդական Ակումբի հետ կիսվում է իր փորձով։

Պրոֆեսիոնալ արշավական ամուր կոշիկներս, հարմար ուսապարկս, արշավական փայտերս, թերմոհագուստս, ֆլիսից տաք հագուստս, «дождевик – ветровка»-ս, լապտեր և մի շարք այլ պարագաներ վերցնելով՝ մտածեցի, որ ունեմ անհրաժեշտ նվազագույնը՝ բարեհաջող վերելքի համար, ու էդպես «դուխով» ճամփա ընկա:

Դե, արշավական փորձս, Կաչաղակաբերդի՝ 1300 մ հարաբերական անընդհատ բարձրանալը (շատ հեշտ), երկար թռիչքներս հեծանիվով՝ պատրանք էին ստեղծել, որ համեմատաբար հանգիստ կտրվի Արագածի վերելքը, և երևի էդպես էլ կլիներ, եթե չլինեին… եթե չլինեին բազմաթիվ «մանրուքները», որոնք հաշվի չէի առել և մինչև հիմա չեմ հավատում, որ կարողացել եմ բարձրանալ (այն էլ՝ Հյուսիսային):

Բայց սկսենք սկզբից:

Կարևոր է արշավին նախորդող գիշերը լիարժեք քնելը։

Առավոտյան 5-ին պետք է արթնանայի, բայց այնպես ստացվեց, որ քնեցի գիշերը 2-ին, դա առաջին ու շատ էական բացթողումն էր, որ հետո պիտի զգացնել տար: Հյուսիսայինի կեսերից մի պահ մտածեցի, որ էլ չեմ կարող, և իսկապես՝ էլ չէի կարողանա, եթե մի 5-10 րոպե չքնեի: Քնի կարոտ էի, ու դա ինձ խանգարում էր բարձրանալիս: Եթե էդ 5-10 րոպե քնելս չլիներ, ես հաստատ չէի հասնի գագաթ:

Ակլիմատիզացիա

Առհասարակ, փորձառու արշավականները աստիճանաբար են ավելացնում բարձրությունները և երբեք մի անգամից 3000 մ + էլ չասած՝ 4000 մ + չեն գնում: Իսկ ես, 2500 մ չբարձրացած, գնացի: Քարի լիճը, որտեղից սովորաբար սկսում են քայլարշավները, արդեն իսկ 3200 մետր բարձրության վրա է, և օրգանիմզը կարող է միանգամից սթրեսի ենթարկվել:

Այսօր ընկերներիս հետ խոսելիս իմացա, որ նման պարագայում ցանկալի է գոնե 1 գիշեր գիշերել 3200 մ-ի վրա, ակլիմատիզացիա անցնել, նոր սկսել վերելքը:

Արագածի Հյուսիսային բարձրանալու համար ցանկալի է մեկ առանձին վերելք ունենալ Հարավային գագաթ, հետագայում նոր՝ մյուս գագաթներն ու Հյուսիսայինը:

“3000+”-ը արդեն կատակ բան չէ, թթվածնի պակաս, ճնշում, հետն էլ Արագածի և հատկապես խառնարանի մագնիսական հատկությունները (ենթադրում եմ), լրիվ կարող են ուժասպառ անել, գլխացավ, գլխապտույտ ուղեկցի, և չկարողանաս խառնարանից շարունակել ճանապարհդ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ:

Տաք ձեռնոցներ, գլխարկ

Արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ, բաֆ, բարակ դիմակ ունեի, հեծանվիս «կարճաթև» ձեռնոցները վերցրել էի, մտածել էի, դե 4000-ը՝ 4000, բայց դե ամառ ա, դժվար թե ջերմաստիճանն այնպես էքտրեմալ նվազի, որ ձեռքերս, մատներս սառչեն: Իզուր: Իջնելուց այնպիսի քամի արեց, որ սառեցին, մի կերպ անցա էդ պահը: Երբ ամպերից վեր ես, կամ ամպերի մեջ, ջերմաստիճանը կտրուկ կարող է նվազել: 5 րոպեն մեկ կարող է տաք գլխարկդ դնես-հանես, շոգես- մրսես:

Արշավային փայտեր

Առհասարակ արշավների ժամանակ և մանավանդ՝ Արագածի պարագայում, շատ կարևոր է արշավային փայտերի առկայությունը, որոնց դերը մեզանում դեռ թերագնահատում են, մինչև գոնե մեկ անգամ չեն օգտվում դրանցից: Լինելու պարագայում էլ, մեր փայտերը տալիս ենք «կարճաթև մայկայով», «սղլիկ բոթասներով» կյանքի առաջին — երկրորդ արշավը՝ Արագածի Հյուսիսային եկող աղջկան: Չէ, նկարագրածս կոնկրետ մարդու չի վերաբերում՝ սեռով պայմանավորված, այլ հավաքական կերպարի մասին եմ խոսում: Ուղղակի հատուկ եմ այսպես նկարագրում, որպեսզի հասկանանք. որքան էլ հայ տղաներս ջենթլմեն ենք, հնարավոր է, որ տարբեր պատճառներով չկարողանանք էդ արշավային փայտերըը ( որոնք պարտադիր է 2 հատ ունենա ամեն ոք) կիսել խմբակիցների հետ: Պատճառները կարող են օբյեկտիվ և սուբյեկտիվ լինել. տրավմայի առկայություն, ավելի մեծ բարձունքի նախավարժանք, ավելի բարձր լեռ գնալուց առաջ տրավմայի մտավախություն կամ պարզապես հարմարավետություն:

Եվ եթե 1 ձողի առկայությունը ստիպում է մտածել, որ առանց այդ մեկի հնարավոր չէր կատարել վերելքը, ապա պատկերացրե՛ք դրանց կարևորությունը և ունեցե՛ք ձեզ հետ արշավային փայտեր, մեկը չէ, այլ՝ երկուսը: Մարմնի ծանրությունը, հավասարակշռությունը 2-ի պարագայում է ճիշտ բաշխվում:

Լապտեր

Պրոֆեսիոնալ ուղեկցորդը միշտ էլ իր մոտ ունենում է լապտեր, որը բավարարում է իրեն, առավելագույնը ևս 1- 2 հոգու:

Իրականում մութ ժամանակ արշավելուց լապտերի առկայությունը պետք է լինի lamp/per person բաշխվածությամբ:

Ամեն մեկը պետք է ունենա իր լապտերը, քանի որ նույնիսկ ծանոթ ճանապարհը ցերեկով անցնելուց հետո չի կարելի վստահ լինել, որ նույնը գիշերով անվնաս կանցնես: Երևի ավելորդ է նշել, որ ցերեկը դժվար անցանելի ճանապարհն առավել վտանգավոր է մթին անցնելը: Վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով և վտանգավոր է կյանքի համար՝ Արագածի քարերի վրա: Իսկ ովքեր չեն եղել Արագածում, կարևոր է իմանալ, որ գոնե 20 քառակուսի մետր խոտածածկ տարածք գտնելն ու դրա վրա քայլելն իսկական երջանկություն է ոտքերի համար:

Եթե ինձ մոտ չլիներ ArmyTek-ի լապտեր, որն ապահովեց ամբողջ խմբի լուսավորությունը, միայն ուղեկցորդի լապտերով խումբը պարզապես չէր կարող անվնաս անցնել թաց քարերի վրայով (անձրև, կայծակ էր սկսվել):

Իսկ գիտե՞ք ինչու միայն մենք երկուսս ունեինք լապտեր, դե քանի որ երբ արշավի համար անհրաժեշտ պարագաների մեջ նշվում է նաև լապտեր, շատերը կարծում են, թե դա ցանկալի պարագաների ցանկից է, այնինչ լապտերը պարտադիր է, պարտադի՛ր: Առանց լապտեր պարզապես չի կարելի արշավի գնալ, որովհետև իրադարձությունները կարող են չընթանալ նախատեսված հունով և ստիպված լինես մթով երկար ժամանակ քայլել: Մեր՝ Կաչաղակաբերդի արշավի ժամանակ նախատեսել էինք ցերեկը բարձրանալ, գիշերել, և կրկին ցերեկով իջնել: Ամենագնաց մեքենան փչացավ, չբարձրացրեց վրանները, ուտելիքի և ջրի պահուստը, ու մենք բարձրացանք ցերեկը, իջանք՝ գիշերով: Բախտներս բերել էր, որ խմբից շատերն էին լապտեր վերցրել, այլապես մութ անտառով 3-4 ժամ քայլել չէինք կարողանա:

Հեռախոսի լույսի վրա հույս դնել պետք չէ:

Հեռախոսը որպես լապտեր օգտագործելիս մարտկոցը շատ արագ է դատարկվում, բացի այդ, հեռախոսը ձեռքով պահած ժամանակ ընկնելու դեպքում հեռախոսը կոտրվելուց բացի, նաև դուք կարող եք լուրջ վնասվածք ստանալ:

Մեկ այլ՝ ավելի կարևոր պատճառ էլ նշեմ. հեռախոսը կարող է պետք գալ gps-ի, քարտեզի, երթուղին գնտելու համար, ինչպես նաև տուն զանգելու  կամ Աստված չանի՝ 911 վերջին զանգը անելու համար: Արշավների ժամանակ պարզապես մի՛ օգտագործեք հեռախոսի լույսը որպես լապտեր:

Անձրևանոց (дождевик)

Անձրևանոցը նույնպես այն պարագաներից է, որը շատերի կողմից ընկալվում է որպես գեղեցիկ և ցանկալի ատրիբուտ, այնինչ այն պարտադիր է: Որոշ մարդիկ երբեմն պնդում են՝ « դե Սուրենյանը անձրև չի կանխատեսել, ok ա»,  բայց հավատացե՛ք՝ Սուրենանն էլ է երբեմն սխալվում: Մի՛ արեք այդպես, ժողովո՛ւրդ, ու էն «ցելոֆանից դաժդեվիկների» վրա էլ հույս մի՛ դրեք: Մեր արշավի ժամանակ սպառված — սառած, մթով քայլում ենք ու անձրև, կարկուտ սկսվեց: Անձամբ ես չոր հասել եմ ավտոբուս:

Ակնոց

Կարծես թե ակնոցս վատը չի, բայց նախատեսված չի 3000+ բարձրությունների համար, ու չի կարող պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Հեծանիվի ժամանակ իդեալական է, բայց արշավի ժամանակ հոգնեցրեց աչքերս:

Որակյալ և պրոֆեսիոնալ ակնոցը շատ կարևոր է արշավի ժամանակ։

Ջրաման / Ջրի պաշար

Միշտ մտածում ենք, թե 1 լիտրը կհերիքի:

Չի՛ հերիքի ամառային արշավների ժամանակ:

Ամառային միջին երկարության արշավների ժամանակ 2 լիտրը հազիվ կհերիքի, մի քիչ երկարների ժամանակ՝ գոնե 3 լիտր ջուր է պետք:

Բարձրությունների ժամանակ, երբ օրգանիզիմի ադապտացվելու հարց է առաջանում, ջրափոխությունը խորհուրդ չի տրվում, առավել ևս՝ Արագածի մաքուր, զուլալ, սառը, բայց երկաթի համով ջուրը: Դա նույնպես վատ է ազդում օրգանիզմի վրա: Արշավի ժամանակ ես անձամբ այդ սխալն արել եմ, ու զղջում եմ՝ անկեղծ ?

Կոշիկներ

Արշավի ժամանակ տղաներից մեկը, որն առաջիններից հասավ գագաթ, ամենավերջինը իջավ: Անընդհատ սահում էր, ընկնում: Պատահական կոշիկով կամ «կեդով», «բոթասով» Արագած մի՛ գնացեք: Պրոֆեսիոնալ կոշիկ է պետք: Ոչ պրոֆեսիոնալ կոշիկներով առհասարակ խորհուրդ չի տրվում արշավի գնալ: Իմ կոշիկները միջին թանկութան որակյալ կոշիկներ են: Արշավի ժամանակ նկատեցի, որ նույն բրենդի մի 7-10.000 դրամ ավելի էժան կոշիկներ հագած մասնակիցները սահում էին: Որոշ հատվածներում, երբ ես հանգիստ, ուղիղ իջնում էի, իրենք կռացած, բռնվելով էին իջնում:

Ըստ իս՝ կոշիկի, քնապարկի, վրանի և որոշ այլ պարագաների դեպքում 10-15.000 ավել վճարելը լիովին արդարացված է:

Դեղատուփ

Դեղատուփն արևապաշտպան քսուկի հետ նույնպես պարտադիրների շարքից է. արշավի ժամանակ արևահարվելու, ճնշման տատանումների, գլխացավի, սրտխառնոցի, կոտրվածքների, վերքերի և այլ ռիսկեր կան միշտ:

Ամփոփելով՝ 2 բան եմ ուզում ավելացնել.

  1. Այն, ինչ գրված է լինում արշավի անհրաժեշտ պարագաների ցանկում, խնդրում եմ, ձեր իսկ հարմարության, անվտանգության համար դիտարկել որպես պարտադիր, այլ ոչ թե՝ ցանկալի:
  2. Հասկանում եմ, որ բոլոր պարագաները մի անգամից դժվար է ունենալ. Էժան հաճույք չեն արշավական պարագաները, բայց կարելի է կամաց-կամաց հավաքել: Ինքս էլ մեկ տարվա ընթացքում, կամաց-կամաց եմ ձեռք բերել և լիքը պակաս բան ունեմ դեռ: Կա նաև վարձելու հնարավորություն կամ էլ եթե որոշել եք հաճախ արշավել, կա մի հրաշալի հնարավորություն, կանխավճար տալ ձեռք բերել, մնացածը փակել 1 տարվա ընթացքում՝ առանց տոկոսի (բանկերի “անտոկոս” վարկերի պես չի) և այլն, և այլն: Համենայն դեպս անվտանգությունից և առողջությունից ավելի թանկ բան չկա: Իսկ դժբախտությունը մեկ անգամ է գալիս…

Մտածե՛ք, պրպտե՛ք, գտե՛ք անվտանգ տարբերակներ և մի՛ զրկեք ձեզ հարմարավետ արշավներ անելու հաճույքից:

Արշավե՛ք անխնա ?

travel-club.am