Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ` ԱՄՆ–ում բնակվող հայ համայնքը բաժանված է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է իր քվեն տալ թեկնածուներից մեկին, ինչը շատ տրամաբանական է, ու հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հայերը բնակվում են հիմնականում այն նահանգներում, որոնք սովորաբար ընտրում են դեմոկրատ թեկնածուներին։
«Այս պահին հայերի շրջանում մեծ թվով համակիրներ ունի և՛ Թրամփը, և՛ Բայդենը։ Այդուհանդերձ համայնքի ներկայացուցիչները, հայկական կառույցների ու կազմակերպությունների պատվիրակներն ու լոբբիստները վերջնական հայտարարություններ դեռ չեն արել, ընդ որում` նրանց հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն թեկնածուների դիրքորոշումներով, որոնք առնչվում են Հայոց հարցին կամ Հայաստանի հետ հարաբերություններին»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։
Սարգսյանի դիտարկմամբ` հայ համայնքն ունի նաև այլ առաջնահերթություններ, տեղի հայերը ԱՄՆ–ի քաղաքացիներ են և ամենօրյա ռեժիմով առնչվում են բազմաթիվ խնդիրների, ուստի լուծումներ են պահանջում հենց երկրի ղեկավարներից։
«Եթե խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Ջո Բայդենը վերջերս խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Մեծ եղեռնը, բայց այդ հանգամանքը մեծ հույս չի ներշնչում, որովհետև ժամանակին Բայդենը եղել է նաև Բարաք Օբամայի փոխնախագահը, որը նույնպես նախընտրական շրջանում խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նման բան տեղի չունեցավ։ Իսկ Թրամփը վերջին տասնամյակներում ԱՄՆ–ի թերևս միակ նախագահն է, որը նախապես հայերին ոչինչ չի խոստացել, բայց հենց նրա պաշտոնավարման օրոք Կոնգրեսում ընդունվեցին ցեղասպանությանն առնչվող երկու բանաձևերը։ Ավելին Թրամփի վարչախմբի կողմից որևէ ճնշում կամ առարկություն չեղավ իրավական այդ գործընթացի նկատմամբ»,– ընդգծեց քաղաքագետը։
Սարգսյանի կարծիքով`վերջին երկու տարիներին հայ–ամերիկյան հարաբերություններում ամբողջովին ճահճացած վիճակ է, բարձր մակարդակի շփումներ չկան, և դա ցուցիչ է նրա, որ չկա օրակարգ, որի շուրջ կարող են հանդիպել բարձրաստիճան այրերն ու քննարկել կարևոր հարցեր։ Ավելին, Հայաստանը հարևանների համեմատ ԱՄՆ–ի հետ հարաբերություններում գտնվում է ոչ շահեկան վիճակում։ Քաղաքագետի փոխանցմամբ` թեև հայ համայնքի համար շարունակում է կարևորագույն հարց լինել Ցեղասպանության ճանաչումը նախագահի մակարդակով և այդ եզրույթի օգտագործմամբ, բայց նախընտրելի կլիներ, որ նշված օրակարգում առաջնահերթություն համարվեր նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչը սակայն հայ համայնքի որոշելիքն է։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հանրապետականներն առաջադրել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի, իսկ դեմոկրատները՝ նախկին փոխվարչապետ Ջո Բայդենի թեկնածությունը։