Բրիտանացիների և ոչ միայն սիրելի արքայադուստ Դիանային հաճախ բնութագրում էին որպես շատ ամաչկոտ, քանի որ նա հեշտ ու արագ կարմրում էր: Սակայն հարցն ամենևին էլ ամաչկոտության մեջ չէր: Լեդի Դիի վարդագույն այտերի պատճառը մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդությունն էր: Անգլիայի արքայադուստրը տառապում էր ռոզացեայով:
Ռոզացեան հանգեցնում է կարմրության, բշտիկների և այտուցների առաջացման, ինչպես նաև մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացման։ Հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում է քիթը, այտերը, ճակատը և ստորին ծնոտը: Ըստ կոսմետոլոգների և դերմատոլոգների՝ ռոզացեայի առաջացման պատճառ կարող են դառնալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ոչ ճիտ սննդակարգը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների կամ պրոցեդուրաների կիրառումը, ջերմաստիճանի անկումը, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները:
Որոշ լուսանկարներում կարող եք նկատել արքայադուստր Դիանային բնորոշ կարմրավուն հետքերը նրա քթի ու այտերի վրա:
Արքայադուստրը փորձում էր պայքարել իր արտաքնի այդ առանձնահատկության դեմ: Ինչպես հիշատակում են աղբյուրներն ու արքայական ընտանիքի մտերիմները, Դիանան կազմակերպում էր հատուկ «Դիանայի օրեր»: Այդ օրերը նա նվիրում էր միայն ինքն իրեն՝ անում էր մերսումներ բուրավետ յուղերով, մաշկի խնամքով էր զբաղվում: Դիանան վստահ էր, որ օրական 60 անգամ լվացվելն իր մաշկը կառողջացնի:
Հայտնի է, որ արքայադուստրը լվացվում էր հասարակ գլիցերինային օճառով: Մյուս օճառները նրան չէին համապատասխանում, քանի որ մաշկը չափազանց զգայուն էր: Անուհետև գալիս էր տոնավորող լոսյոնի և յուղերի հերթը, որոնք նա ինքնուրույն էր պատրաստում: Դիանան սիրում էր օգտագործել Guerlain խոնավեցնող քսուք և նախընտրում էր Johnson&Johnson մարմնի լոսյոններն ու վազելինը:
Ուելսի արքայադուստրը սիրում էր նաև դիմակներ, որոնք տոնավորում էին մաշկը: Դրանք ևս ինքնուրույն էր պատրաստում: Առավել նախընտրում էր ավոկադոյից, ձվի սպիտակուցից, կիտրոնի հյութից ու մեղրից պատրաստված դիմակը: Իսկ աչքերին դնում էր վարունգի կտորներ: Կոսմետիկ դիմակներից հետո Դիանան լվացվում էր տաք, ապա սառը ջրով: