Օրական ընդամենը 2 րոպե մարզվելը կարող է չափազանց օգտակար լինել
Advertisement 1000 x 90

Օրական ընդամենը 2 րոպե մարզվելը կարող է չափազանց օգտակար լինել

Ֆիզիկական ակտիվությունը չափազանց օգտակար է ընդհանուր և հատկապես ուղեղի առողջության համար: Բայց դրական արդյունք ստանալու համար օրական մի քանի ժամ մարզվել հարկավոր չէ: Շվեդ գիտնականները պնդում են, որ օրական ընդամենը 2 րոպե մարզվելը կարող է բավարար լինել ուղեղի առողջության և հիշողության բարելավման համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, վերոնշյալ հետազոտողները պարզել են, որ ցանկացած վարժություն, նույնիսկ` կարճատև քայլելը, օգտակար է 18-ից 35 տարեկան մարդկանց ուղեղի համար: Ֆիզիկական ակտիվությունն ավելի է ակտիվացնում նյարդային բջիջները և բարձրացնում դոֆամինի մակարդակը` նյարդահաղորդիչ, որն օգնում է ազդանշաններին շարժվել նեյրոնների միջև և որի միջոցով սրվում է ուշադրությունը և ամրանում է հիշողությունը:

Փորձարկումները ցույց են տվել, որ կարճ ֆիզիկական ակտիվությունից հետո բարենպաստ ազդեցությունը տևում է առնվազն 2 ժամ, մինչդեռ ինտենսիվ վարժությունները երկարաժամկետ բարելավման են հանգեցնում: Ավելին, ֆիզիկական վարժությունները ամրացնում են նաև սիրտն ու թոքերը և նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Յենչեպինգի և Լինչեպինգի համալսարանների` վերլուծություն անցկացրած շվեդ հետազոտողները կարծում են, որ մարզվելը կարող է օգնել երիտասարդներին ուսման և աշխատանքի մեջ:

Հետազոտությանը մասնակցած բոլոր կամավորները քայլում էին, վազում կամ հեծանիվ վարում միջինից բարձր ինտենսիվությամբ: Ֆիզիկական ակտիվությունից հետո նրանք թեստեր են հանձնել` մտավոր ունակությունները վերլուծելու և հիշողությունը գնահատելու համար (պահանջվում էր հիշել 15 բառ): Բոլոր մասնակիցները, ովքեր մարզվել են 2 կամ 15 րոպե, կես ժամ կամ մեկ ժամ տևողությամբ բլոկներում, բարելավել են իրենց թեստերի արդյունքները և կենտրոնացվածություն և խնդիրների լուծման լավ հմտություններ են ցույց տվել:

med.news.am