Ինչ խնդիրներ կարող են ծագել սննդակարգում մսի անբավարարությունից
Advertisement 1000 x 90

Ինչ խնդիրներ կարող են ծագել սննդակարգում մսի անբավարարությունից

Մարդիկ, որոնց սննդակարգը հիմնականում բաղկացած է բուսական սննդից, կարող են յոդի և սելենի անբավարարություն ունենալ: Այս մասին հաղորդվում է ռուս գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է «Микроэлементы в медицине» ամսագրում:

Հեղինակների խոսքերով՝ թեև կալիում և մագնեզիում վեգաններն ու բուսակերները (ովքեր միս և ձուկ չեն ուտում) ավելի շատ են օգտագործում, քան մյուսները, բուսական դիետան կարող է նպաստել կալցիումի անբավարարությանը` այս տարրի վատ յուրացման պատճառով այնպիսի նյութերի առկայության դեպքում, ինչպիսիք են` թրթնջուկաթթուն և ֆիտինաթթուն: Ֆիտինաթթվի պատճառով վեգանները հաճախ ցինկի պակաս են ունենում:

Ինչ վերաբերում է օրգանիզմը էսենցիալ միկրո և ուլտրամիկրոտարրերով (յոդ, սելեն, կոբալտ, մոլիբդեն, քրոմ) ապահովելուն, այստեղ այլ գործոններ են դեր խաղում: Յոդի հիմնական աղբյուրները ծովամթերքներն են, այդ թվում՝ ծովային ջրիմուռները, որոնցում տարրի պարունակությունը կարող է զգալիորեն տատանվել: Յոդի դեֆիցիտը լրացնելու համար հաճախ օգտագործվում է յոդացված աղ:

Մի շարք ուսումնասիրություններ պարզել են, որ վեգանների մոտ յոդի պակաս կա՝ համեմատած բուսակերների և ամենակերների հետ, բայց վերջիններիս 91%-ը նույնպես յոդի պակաս ունի: Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այս տարրը պակասում է հենց վեգաններին և բուսակերներին:

Մթերքներում սելենի պարունակությունը կախված է այն երկրաքիմիական պայմաններից, որոնցում դրանք աճում են, այսինքն սելենի առկայությունից, որը հաանելի է բույսերին հողում: Եվրոպայում բուսակերների և վեգանների համար սելենով ապահովումը հասնում է ամենակերների 79,5%-ի: Տարբերությունը հատկապես նկատելի է դառնում սելենի պակաս ունեցող շրջաններում: Սակայն դեռ պարզ չէ՝ կարող է դա արդյոք անդրադառնալ մարդկանց առողջության վրա։

Բուսակերներն ու վեգանները չունեն քրոմի պակասի բարձր ռիսկ, իսկ կոբալտի և մոլիբդենի վերաբերյալ ներկայում տվյալներն անբավարար են՝ մարդկանց մոտ դրանց կարգավիճակը գնահատելու համար:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ յոդի և սելենի պակասը ազդում է մարդու օրգանիզմում նյութափոխանակության բազմաթիվ գործընթացների վրա և կարող է հանգեցնել տարբեր քրոնիկ հիվանդությունների:

med.news.am