Կյանքում գալիս է մի պահ, երբ մենք հասկանում ենք, որ նյութական իրերն այնքան էլ կարևոր չէն։ Ամենակարևորը մեզ շրջապատող մարդիկ են։
Մեզ համար իսկապես կարևոր մարդիկ մեր ունեցած իսկական գանձն են, քանի որ մեր կյանքում ամենաարժեքավոր բանը ոչ թե նյութական բարեկեցությունն է, այլ մեր էմոցիոնալ ձեռքբերումները։
Երբեմն մենք մոռանում ենք այդ մասին, երբեմն էլ դրան մեծ նշանակություն չենք տալիս։ Սակայն, վերջին հաշվով, ամեն բան ավելի հեշտ ու պարզ է ստացվում, երբ կա ուս, որին կարող ես հենվել։
Կարևոր չի, թե խոսքն այլ մարդկա՞նց մասին է, թե՞ հենց մեր, բայց ամենաէական ու կարևոր բանը սիրով ու ընկերասիրությամբ լի սիրտն է։ ժամանակի հետ սկսում ես ավելի շատ գնահատել սերը։ Ավելի շատ ես հասկանում, թե որքան կարևոր է կողքիդ այնպիսի տղամարդ ունենալը, ում կրծքին կարող ես լաց լինել, և ում փաղաքշանքը քեզ ջերմացնում է։
Սիրել ու գնահատել այն, ինչ մեզ շրջապատում է, մեր անձնային աճի հիմքն է։
Մեր էմոցիոնալ հարստությունը գոյանում է առողջ ու փոխադարձ ընկերական ու սիրային հարաբերություններից։ Խոսքը, մասնավորապես, մեր ապրած կյանքի ընթացքում ստեղծած հարաբերությունների մասին է։
Ընկերներն ու ընտանիքը մեզ համար տարբեր նշանակություն ունեն մեր կյանքի ճանապարհի տարբեր փուլերում։ Խոսքը գնում է մեր զարգացման մասին, որի ընթացքում տեղի է ունենում մեր անձնային աճը։
Եվ արդյունքում մենք հասկանում ենք, որ այդ էմոցիաներից կարևոր բան չկա։ Ժամանակի ընթացքում մենք գիտակցում ենք, որ փողը, աշխատանքը, անթերի կազմվածքը կյանքում ամենաարժեքավոր բաները չեն։
Մեր առաջնահերթություններն անփոփոխ չեն մնում։
Դրանք որոշում է մեր վերաբերմունքը տարբեր բաների նկատմամբ։ Տարիների հետ այդ վերաբերմունքը, բնականաբար, փոփոխություն է կրում։ Ու հետ նայելով՝ մենք հասկանում ենք, որ փոխվել ենք։
Մենք բոլորս մարդիկ ենք, իսկ մարդկանց բնորոշ է սովորելը։ Այդպիսի ուսուցում կյանքի բոլոր ոլորտներում է տեղի ունենում։
Աստիճանաբար մենք գիտակցում ենք, որ կյանքում շատ բան անցողիկ է։ Որպես հետևանք՝ մենք սկսում ենք ավելի շատ գնահատել մեր էմոցիոնալ կապերն այլ մարդկանց հետ։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է կողքիդ ունենալ մարդկանց, ում հետ կարող ես ծիծաղել, լաց լինել, կիսվել մտահոգություններով ու չմտածել, թե նրանք ինչ կմտածեն քո մասին։
Մեզ անհրաժեշտ է մարդկանց հետ այդպիսի կապեր ունենալ, քանի որ վաղ թե ուշ մենք հասկանում ենք, որ կա մի բան, որ չես գնի որևէ գումարով։ Իսկապես հարուստ են միայն նրանք, ովքեր այլ մարդկանց հետ անտեսանելի թելերով են կապված։
Գոյություն ունեն կախարդական մարդիկ։ Նրանք պատահում են մոլորակի բոլոր անկյուններում։ Արտաքինից նրանք այլ մարդկանցից չեն տարբերվում և իրենց մոտավորապես այնպես են պահում, ինչպես ուրիշները։ Դրա համար էլ նրանց դժվար է ճանաչելը։ Բայց երբ դու ճանաչում ես այդպիսի մարդու, այլևս հետդարձի ճանապարհ չունես։ Դու չես կարող նրան մոռանալ։
Նրանց կախարդանքը, ձգողականությունն այնքան ուժգին է, որ, եթե դու դիպչես նրան, շփվես նրա հետ, հավիտյան կկորչես նրա հմայքի սարդոստայնում։
Կախարդական այն մարդիկ նրանք են, ում հետ մենք երջանիկ ենք լինում։ Նրանք մեզ օգնում են թռչել, փայլել… Նրանք մեզ փրկում են ծանր ու տանջալից մտքերից ու մտահոգություններից։
Մենք նրանց հետ կարող ենք կիսել մեր տունը, գործերը, մտքերն ու զգացմունքները։ Մենք նրանց հետ ստեղծում ենք ամուր, առողջ հարաբերություններ, որոնք հարստացնում են մեզ։
Նրանց անկեղծ հայացքները մեզ օգնում են տանել հիասթափությունը։ Ավելին, նրանք մեզ օգնում են հաղթահարել կենսական խնդիրներն ու դժվարությունները։ Այդ հարաբերությունները մեզ կյանքը հասկանալու հնարավորություն են տալիս, զարգացնում մեր էմոցիոնալ ու սոցիալական ինտելեկտը։
Չէ՞ որ միայն այդպիսի զգայական փորձն է մեզ սովորեցնում լսել ուրիշներին, հասկանալ, թե նրանք ինչ են զգում ու ապրում։ Այն մեզ սովորեցնում է հարաբերություններ կառուցել, հաշվի առնել այլոց հետաքրքրությունները, արդյունավետ կերպով փոխգործակցել նրանց հետ։
Դրա համար էլ շատ կարևոր է ժամանակ գտնել մտերիմների հետ շփումների համար։ Մի կողմից՝ այդպիսի էմոցիոնալ կապերը մեր մեջ պահում են կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ մյուս կողմից՝ դրանք մեզ դրդում են ավելի լավը դառնալ ու ցրել այն ամպերը, որոնք ժամանակ առ ժամանակ մթագնում են մարդկանց հետ մեր հարաբերությունները։
Անվիճելի է, որ մեր կյանքում ամենաարժեքավոր բանը մեր կողքին անկեղծ մարդիկ ունենալն է, նրանց հետ հարաբերություններ ձևավորելը, որոնք զերծ են եսասիրությունից, կեղծավորությունից ու այլ բացասական զգացմունքներից ու գծերից։
Ի վերջո, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այն վայրը, ուր մենք ապրում ենք, տան է վերածվում շնորհիվ մարդկանց, որոնք մեզ շրջապատում են։
Ահա թե ինչու է այդքան կարևոր այն մարդկանց սիրելն ու հասկանալը, ովքեր մեր կյանքի մի մասն են կազմում։ Դա մեր էմոցիոնալ հարստությունն է, որի շնորհիվ մենք կարող ենք ներդաշնակ ու խաղաղ ապրել ինքներս մեզ, ինչպես նաև այլ մարդկանց հետ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը