Իրանի տարածքում հրթիռ է ընկել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրանի տարածքում հրթիռ է ընկել

Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան Իրանի տարածքում հրթիռ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը` նշելով, որ հրթիռը պայթել է Հերիս շրջանի գյուղերից մեկում` Թավրիզից 70 կմ հյուսիս–արևելք։

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարը գործակալությանն ասել է, որ հրթիռն արձակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկը։

Արևելյան Ադրբեջանի նահանգապետի քաղաքական ու անվտանգության հարցերի տեղակալ Ալիար Ռաստգուն էլ IRNA–ին հայտնել է, որ հրթիռն ընկել է Ակա Ալիլոու գյուղի գյուղատնտեսական հողերի տարածքում։

«Բարեբախտաբար հրթիռի պայթյունը մարդկային ու ֆինանսական կորուստներ չի պատճառել»,– ավելացնում է  IRNA–ն։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Ղարաբաղյան պատերազմի 18 օրերի ընթացքում Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ տարածքներում ու մասնավորապես Խոդա Աֆարին քաղաքի տարածքում արդեն ավելի քան 50 հրթիռահրետանային արկ է ընկել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին առավոտյան Իրանի IRNA լրատվական գործակալությունը հայտնել էր նաև, որ նույն օրը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդեբիլ նահանգի Պարսաբադ-Մողան սահմանամերձ շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Փաստը հաստատել էր Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդաին` հավելելով, որ հետաքննություն է անցկացվելու` պարզելու, թե կողմերից որին է այն պատկանում։

Համացանցում տարածված տեսանյութի համաձայն, սակայն, այն պատկանում է Ադրբեջանին, իսրայելական IAI Harop ընկերության արտադրության է և հայտնաբերվել ու խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

armeniasputnik.am