Կորոնավիրուսային վարակով պացիենտների տեսակավորում Հայաստանում իրականացվում է և միշտ իրականացվել է: Տրիաժ կենտրոնը, որը զբաղվում է այդ տեսակավորմամբ, գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով՝ տրիաժ կենտրոնին է ներկայացվում բոլոր հայտնաբերված հիվանդների վիճակը, և մասնագետները, կախված պացիենտի տարիքից, առողջական վիճակից, ուղեկցող հիվանդություններից և այլ տվյալներից, որոշում են կայացնում, թե որտեղ պետք է տեղավորվի տվյալ պացիենտը և ինչպես պետք է ընթանա նրա բուժումը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում:
53 պացիենտներ միացված են թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերին: COVID-19-ով 589 պացիենտներ ծանր վիճակում են, իսկ ևս 139-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կամ կրիտիկական:
Ներկա դրությամբ, շատ են նաև հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի և որ իրեն կարողանան ընդունել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ ծանր հիվանդներին ստացիոնար պայմաններում բուժում են մեկ-երկու օր, վիճակը կայունացնում են և դուրս գրում, որպեսզի կարողանան հաջորդ պացիենտներին ընդունել:
Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել երեք պարզ կանոններին՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը և սոցիալական հեռավորություն պահպանել: