«Կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք զգում ենք՝ եկել է այս տարածաշրջանում ամերիկյան ներկայության մեծացման ժամանակը», Թբիլիսիում ընդունելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, հայտարարել է այդ երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
Պոմպեոն շրջագայում է եվրոպական եւ մերձավորարեւելյան մի շարք երկրներում: Վրաստանը չկար այդ շարքում եւ հայտնվել է գրեթե վերջին պահին, ինչում թերեւս նշանակություն է ունեցել նոյեմբերի 9-ի հրադադարի եւ ռուս խաղաղապահների մասին հայտնի համաձայնությունը:
Այն ստեղծում է ռեգիոնալ բացարձակապես նոր իրավիճակ անվտանգային հեռանկարների իմաստով: Իսկ այդ հեռանկարում ռուս-թուրքական պայմանավորվածության հաջորդ թիրախը լինելու է Վրաստանը: Երբ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին ողջունել էր նոյեմբերի 9-ի համաձայնությունը, Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելլին զարմացել էր, թե դրա ի՞նչն է ողջունում Վրաստանի նախագահը, եթե Վրաստանի համար ձեւավորվում են ռազմավարական նոր սպառնալիքներ:
Մեծ հաշվով, սակայն, Վրաստանի համար այդ սպառնալիքները ամենեւին նոր չեն: Դրանք եղել են միշտ, պարզապես հերթն է մոտենում Վրաստանին, ինչի մասին գրել ենք բազմիցս, թե պատերազմի ընթացքում եւ թե դրանից շատ առաջ: Վրաստանը Միխայիլ Սահակաշվիլիի նախագահությունից հետո փաստացի վերածվել է թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական պլացդարմի, որը Անկարան ու Բաքուն լիուլի օգտագործեցին նաեւ Արցախի դեմ պատերազմում:
Պատերազմի հետեւանքով ձեւավորված նոր իրավիճակում Վրաստանն արդեն Անկարայի համար ունի ոչ թե տնտեսա-քաղաքական պլացդարմ, այլ գործնականում հենց ռազմական, ռազմա-քաղաքական նոր հենակետ լինելու անհրաժեշտություն: Էրդողանը միանգամայն անկաշկանդ ներկայացնում է հավակնությունն ու իրավունքը Բաթումիի նկատմամբ, իսկ Բաքվի պատմաբանները ձեռնամուխ են եղել Վրաստանի հարավ-արեւելյան տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքի ձեւակերպմանը:
Վրաստանն այդ ամենի դեմ կարողանում է միայն լռել, որովհետեւ ունի լուրջ մտավախություն, որ խոսելու դեպքում կարող է միայն արագացնել: Ընդ որում, բավական է թեթեւ դիմադրություն, եւ Վրաստանում բռնկվում են հակառուսական ցույցեր, գեներացնելով նաեւ Ռուսաստանի վտանգ եւ այդպիսով սեղմելով Թբիլիսին թուրք-ադրբեջանական գրկում:
Այդ իրավիճակն այժմ ստացել է առավել սպառնալի տեսք՝ պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո: Այդ պատերազմը նաեւ Վրաստանի պարտությունն էր, այն պարզ տրամաբանությամբ, որ պարտվել է ռեգիոնում Վրաստանի միակ բնական դաշնակիցը: Միեւնույն ժամանակ, իրավիճակի ողբերգականությունն ու անհեթեթությունը վրացական կողմի համար այն է, որ նրանք մասնակցել են իրենց իսկ պարտությանը:
Թուրք-ռուս-ադրբեջանական աքցանի սեղմումը Վրաստանում կարող է կասեցնել միայն ամերիկյան ռազմական եւ ռազմա-քաղաքական ներկայությունը:
Կգնա՞ Վաշինգտոնը դրան, հատկապես նկատի ունենալով, որ ընդամենը երկու ամիս անց Պոմպեոն Թրամփի վարչակազմի հետ միասին հեռանալու է պաշտոնից:
Ի՞նչ կանի այդ գաղափարի հանդեպ Ռուսաստանը, որն իհարկե մշտապես զգայուն է եղել իր սահմանների մոտ ամերիկյան ռազմական ներկայության հանդեպ: Ռուսաստանը կարող է հույս ունենալ, որ Թուրքիայի հետ կպայմանավորվի Վրաստանից որեւէ նոր կտոր ստանալու համար, եթե բանը հասնի թուրք-ադրբեջանական էքսպանսիայի: Իսկ բանը դրան հասնելու է: Բայց այս դեպքում հազիվ թե Ռուսաստանին հասնի որեւէ բան, քանի որ կհամարեն, որ Մոսկվան Վրաստանից իրենն արդեն վերցրել է: