«Սա մարդը ի՞նչ կսե, տղես»
Advertisement 1000 x 90

«Սա մարդը ի՞նչ կսե, տղես»

Պատերազմի գրեթե բոլոր օրերին մաման հեռուստացույցից պոկ չէր գալիս, խնդրում էր իր սիրած կինոների փոխարեն դնեմ լուրերը՝ ճակատամարտերի կցկտուր քրոնիկոն, Արծրունի վստահ կերպարը, Արայիկի ժպիտը, էդ իրա կյանքն էր։ Մաման վատ ա լսում՝ հեռուստացույցը միշտ ահավոր բարձր ա միացրած, նույնիսկ ուշ ժամերին, հարևանները ներողամիտ են էդ իմաստով, պապան էլ էր վերջում վատ լսում։

Էդ օրը․․․էդ օրը մաման նայում էր էկրանին, նայում էր դեմքիս, էկրանին, դեմքիս։ Հետո այնուամենայնիվ հարցրեց,-

– Տղես, ի՞նչ կսեն սա մարդիկ։

Չգիտեմ ինչ ուժ գտնելով մեջս, հատակին նայելով կցկտուր բացատրեցի։

Մամային թվաց, որ վատ լսելու պատճառով սխալ ա հասկացել ասածս, նորից հարցրեց, հույսով կառչած աչքերիցս։

Ես ուզում էի չլինել, գոյություն չունենալ, փոշիանալ տեղում՝ հարազատ աչքերի էդ սպասումով հայացքը, նոր լռությունս ու նյարդային, բարձրաձայն կրկնածս դատավճիռը թվացին ինձ հավերժություն։ Որում հետս գլորվում, անդունդն էին գահավիժում Դադիվանքը, Շուշիի հրեշտակը, զինվորների արյունոտ մարմիններ, ոռնացող համազարկեր, կորած զավակին հիվանդանոցներում ու դիահերձարաններում փնտրելուց հոգնած հոր ոտնաձայներ, քարտեզի վրա տեղանուններ, տեղանուններ, տեղանուններ, մեր հերոս հրետանավորի վառված դեմքը, մեր անվերապահ հաղթանակին նվիրված, անքուն գիշերների տառապանքով երևակայությունիցս պոկած-քերած նոր երգերս, Արծրունի վստահ ձայնը, Արայիկի ժպիտը․․․

Մաման ափով փակեց բերանը, աչքերում երեք սերնդի սարսափ տեսա ու շրջվեցի։

44 օրվա սպասում։ Ոնց որ մեզ հետ չի էղել էդ ամենը։

Մամայի հետ էլ չենք խոսում Արցախի թեմայով՝ փառք աստծո կա գոռգոռացող հեռուստացույցը, որով մայրս նորից կինոներ ա նայում։ Կինո նայելիս շատ ավելի հեշտ ու անվնաս ա տալ նույն հարցը,-

– Սա մարդը ի՞նչ կսե, տղես։

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից:

Պատերազմի գրեթե բոլոր օրերին մաման հեռուստացույցից պոկ չէր գալիս, խնդրում էր իր սիրած կինոների փոխարեն դնեմ լուրերը՝…

Опубликовано Krist Manaryan Среда, 11 ноября 2020 г.



Նման նյութեր