ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Instagram-ի իր էջում գրառում է արել․
«Ամեն դատարկ դագաղ՝ հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ տեր է գտնում: Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ, իսկ հիմա հարց տվեք ձեզ՝ ո՞վ սպանեց:
Ամեն չար անեծք՝ հասցեագրված անգամ ամենաանընդունելի անձին, ուշ, թե շուտ վերադառնում է անիծողին: Մի հարց էլ տվեք՝ ո՞վ անիծեց:
Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց՝ ո՞վ դատեց:
Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց՝ ո՞վ պիտակավորեց:
Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է` մենք՝ ես, դու, նա, մենք՝ հայը:
Դժբախտաբար հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ…
Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ, ու, վերջապես, կյանք, հող ու հայրենիք մերժել:
Հարց տանք մեզ՝ ո՞վ է մեղավոր:
Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլն ու ասենք՝ մենք»: