Հովհաննես Իշխանյան. Եթե չունես ազգային երազանք ու պահանջատիրություն՝ պարտվելու ես գոյության կռվում. kinoashkharh.am
Advertisement 1000 x 90

Հովհաննես Իշխանյան. Եթե չունես ազգային երազանք ու պահանջատիրություն՝ պարտվելու ես գոյության կռվում. kinoashkharh.am

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը պատերազմի օրերին Արցախում էր: Շարքային զինվորի աչքով տեսածի մասին պատմել չուզեց, փոխարենը զրուցեցինք հետպատերազմական իրավիճակի ու այդ իրավիճակում ապրող հասարակության մասին:

– Մինչև պատերազմն ի՞նչի վրա էիք աշխատում:

– Մի ֆիլմ վերջացրեցի հենց այն ժամանակ, երբ սկսվեց պատերազմը: Նախատեսված էր անգամ ֆիլմի պրեմիերան, բայց  հետաձգեցինք: Քաղաքական արվեստի մասին է, որը վերացավ  2018թ. իրադարձություններից հետո: Քննադատություն է, այն առումով, որ քաղաքական արվեստի միջոցով ինչ-ինչ  հարցեր բարձրացնող արավեստագետները 2018թ.-ից հետո այլևս ոչինչ չէին անում: Մինչ այդ տեսնում էինք ինչ-որ սթրիթ-արթեր, պաստառներ կամ ասենք տանկով ակցիան և այլն: Ֆիլմի մասերից մեկում վիդեո-արտի միջոցով ինքս եմ փորձել պատերի վրա անդրադառնալ այն հարցերին, որոնք շատ կարևոր են, փորձել եմ ցույց տալ թեմաները, որոնց մասին հիմա արվեստը պետք է խոսեր, խնդիրները, որոնք հաճախ նաև ավելի սուր են, քան նախորդ իշխանությունների ժամանակ: Երևի մոտ օրերս ֆիլմը կցուցադրվի:
Արդեն մի քանի տարի աշխատում եմ նաև մեկ այլ ֆիլմի վրա. հերոսը տրանսգենդեր է, որն ընտանիք է կազմել: Նոր ֆիլմ էի սկսել, որը մորս շուրջ է ծավալվում: Մայրս լրագրող է ու նրա լրագրողական կարիերայի միջոցով բացում եմ հետխորհրդային Հայաստանի պատմությունը: Այս պատերազմն, իհարկե, սցենարը շատ կփոխի:

– Պատերազմի օրերին Արցախում էիք. որպես վավերագրո՞ղ էիք գնացել:

– Չէ: Որպես վավերագրող չգնացի ու ընդհանրապես ինձ թվում է, որ մեր թե՛ լրագրողները, թե՛ վավերագրողները պետք է մի քիչ հասուն լինեին՝ հասկանալու համար, որ սա պատերազմ է, ոչ թե «Counter-Strike»-ի խաղ, չլցվեին այնտեղ: Պետությունն էլ պետք է հասուն լիներ՝ հասկանալու համար, որ հիմնականում անփորձ այդքան մարդ Արցախ տանելով՝ կարող ես ադմինիստրատիվ լուրջ խնդիրներ ունենալ. զինվորը կռվի՞, թե՞ լրագրողների համար հոգ տանի:
Առաջին օրերին Արցախում լինելու ինչ-որ էյֆորիա կար՝ կապ չունի առաջնագծում, թե քաղաքներում: Այնտեղ լինելու մի կեղծ անհրաժեշտություն էր առաջացել բոլորի մոտ ու բոլորը բոլորին ասում էին՝ «դու գնա մի հատ ընդեղ, տես», առանց հասկանալու՝ ինչի՞ համար ես գնում: Առհասարակ օրգանիզմներն այնպես են աշխատում, որ ամեն մեկն իր տեղում պիտի լինի: Ես երկու տարվա ժամկետային ծառայություն եմ անցել, պահեստազորում եմ: Պետությունը պետք է իմանա ու որոշի, թե որ կետում, ինչ օգուտ կարող եմ տալ: Իրենք պետք է նայեն՝ մարտն ինչպես է ընթանում, ու եթե համալրելու կարիք լինի, կզանգեն ինձ, կկանչեն: Հիմա այդ էյֆորիայի ազդեցության տակ բոլորով գնում էին կամավոր ու այդպես, կոպիտ ասած, դառնում բեռ ադմինիստրատիվ աշխատանքի համար:

– Այդ դեպքում ինչպե՞ս գնացիք Արցախ:

– Համալրումով: Պահեստազորով: Ծանուցազգիրս եկավ, հետո զանգեցին, գնացի: Այնտեղ էի հոկտեմբերի 27-ից: Շուշիի մոտակայքում էինք՝ Շոշ գյուղի հատվածում: Խրամատում մեզ հետ շոշեցիներ էին ու ինձ մոտ անընդհատ այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ ուղղակի եկել են իրենց ամենօրյա, սովորական աշխատանքին: Հենց այդ մարդկանց հետ լինելը հավելյալ անվախություն էր առաջացնում: Մեկի վիզը բեկորից վնասվել էր, բայց կանգնած հումորներ էր, որ անում էր: Ես իմ փոսն եմ փորում, որ ականանետից պաշտպանվեմ, պտտվում է ինձ, թե՝ «հն, կուխնին սարքե՞լ ես արդեն»: Այնտեղ զգացածից մի բան կա, որ ուզում եմ անպայման ասել. ես այսպիսի հոգատարություն միմյանց նկատմամբ, այսպիսի հասունություն, խելամտություն, ոնց մեր դասակում էր, ընդհանրապես չէի պատկերացնում: Երկու տարվա ժամկետային ծառայությունս ոնց որ 180 աստիճանով շրջված լիներ։ Բանակում ինչպե՞ս է, եթե զգում են, որ մեկը թույլ է կամ ձևացնում է, թե թույլ է՝ «սաչկավատ» բառ կա, բոլորով միանգամից սկսում են նվաստացնել նրան: Մեզ մոտ դասակում հակառակն էր՝ ավելի էինք մոտենում այդ մարդուն, ավելի շատ էինք շփվում հետը, որովհետև մտածում ես, եթե նման բան է անում, նշանակում է վախ կա մեջը։ Երբ  մոտենում ես, գուցե, այդ վախը պակասում է նրա մոտից: Չգիտեմ, ֆանտաստիկ էր մեր դասակը: Կատու ունեինք: Ոչ շատ մեծ էր, ոչ շատ փոքր՝ կատվի ամենալավ ժամանակը: Հերթով բոլոր տղերքի վրա քնում էր: Դասակ էր, որը կատու է սիրում, սովորաբար զինվորներն ավելի շատ երևի շներ են սիրում, չէ՞ (ժպտում է- հեղ.): Պատերազմից շատ բան պատմել չեմ ուզում, կարծում եմ  ճիշտ չէ խոսել շարքային զինվորի տեսանկյունից:

Ամբողջությամբ՝ kinoashkharh.am