Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության` Ամերիկյան վարչակազմը կտրուկ խստացնում է քաղաքական ապաստանի տրամադրումն այլ երկրների քաղաքացիներին:
ԱՄՆ արդարադատության նախարարության նախաձեռնությունը Նահանգների իշխանություններին կօգնի «առավել արդյունավետ մի կողմ դնել վերանայման ներկայացված անհիմն դիմումները»: Ամերիկյան իրավապաշտպանները, սակայն, համաձայն չեն նոր կանոնների հետ:
«Խոսքը ապաստանի ինստիտուտի վրա զանգվածային հարձակման մասին է»,-վստահ է ներգաղթյալների հարցով ամերիկյան ոչ կառավարական խորհրդի անդամ Աարոն Ռեյքլին-Մելնիկը: Ըստ նրա՝ նոր կանոներով ԱՄՆ-ում ապաստան ստանալն անհնար կլինի բազմաթիվ անձանց համար, որոնք նախկինում լիովին համապատասխանում էին քաղապաստանյալի կարգավիճակին:
Ըստ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների, նոր կանոններով ներգաղթյալների գործերը քննող դատավորների համար առավել դյուրին կլինի որոշ դիմումներ որակել իբրեւ «վերանայման ոչ արժանի եւ անհիմն», իսկ որոշակի ապացուցողական բազա չներկայացնելու դեպքում պարզապես «մաղել» դրանք։
Արդարադատության եւ ներքին անվտանգության նախարարությունների ներկայացրած՝ 419 էջանոց փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում, որից երեսուն օր անց կանոններն ուժի մեջ կմտնեն։