«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», եւ վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն եւ ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում իրանագետ Հարութ Առաքելյանը նշեց, որ հնչեցրած բանաստեղծությունն իմաստավորվում է պատմական դեպքերի հիման վրա: Այսպես, 74 տարի առաջ դեկտեմբերի 9-ին իրանական բանակը Խորհրդային Միության հովանավորությամբ արշավանք սկսեց Իրանի Ատրպատական նահանգում Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության կողմից անկախություն հռչակած «պետության» վրա, որի արդյունքում այն տապալվեց: Էրդողանն այդ հայտարարությամբ, որը հնչեց բանաստեղծության տեքստով, ի նկատի ուներ պատմական այդ իրադարձությունները։ Դրանով նա փաստորեն խոսեց Իրանի այդ շրջանի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների մասին։
Թեեւ այս ընթացքում Իրանի պաշտոնական շրջանակները մի քանի անգամ ողջունել էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման հանգամանքը, ինչպես նաեւ խոսք էր գնացել Իրանի եւ Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունները խորացնելու մասին, սակայն Թուրքիայի նախագահը կաշկանդվածություն չունի իր նվաճողական հաջորդ ուղղությունը ցույց տալու մասով։ Հարութ Առաքելյանի խոսքով, Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները բարվոք վիճակում չեն․ Թուրքիան առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում փորձել է ամեն կերպ շրջանցել Իրանին եւ նվազագույնի հասցնել տնտեսական հարաբերությունները։ Օրինակ՝ վերջին ութ ամսվա ընթացքում Թուրքիան Իրանից գազ չի գնել, ինչը նշանակում է, որ Թուրքիան փորձում է ձերբազատվել Իրանից ունեցած տնտեսական կախվածությունից եւ ռազմավարական հարաբերություններից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: