«Պարգևավճարների համար նախատեսված գումարով կարելի էր գիտության ֆինանսավորումը ավելացնել մոտ 150%». Հովակիմ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Պարգևավճարների համար նախատեսված գումարով կարելի էր գիտության ֆինանսավորումը ավելացնել մոտ 150%». Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաջորդ տարի գիտության ֆինանսավորումը նվազելու է։ Ու չնայած միայն պարգևավճարների համար նախատեսված գումարով կարելի էր գիտության ֆինանսավորումը ավելացնել մոտ 150%, ես ոչ թե թերֆինանսավորման մասին եմ ուզում գրել, այլ ֆինանսավորման մեխանիզմի թերի լինելու։ Վաղը եթե մենք զարթնենք մի հրաշք իրականությունում, որտեղ մեր գիտության ֆինանսավորումն ավելացած կլինի, օրինակ երեք անգամ, ապա իմացեք, որ գիտության արդյունավետությունը և դրանից բխող հանրային օգուտը հնարավոր է ընդհանրապես ավելացած չլինի։ Իսկ պատճառը հետևյալն է։

Աշխարհում հանրային գիտության ֆինանսավորման երեք մոդել գոյություն ունի։

Մոդել 1` «վերևից ներքև», երբ պետությունն է որոշում այն ուղղությունները, ծրագրերը և հիմնական նախագծերը, որոնցով պետք է զբաղվեն գիտնականները։ Նման մոդելում գիտական ակտիվությունը հստակ վերահսկվում է պետության կողմից։ Պետությունն է որոշում թե գիտական հիմնարկների բյուջեն, թե առանձին նախագծերի տևողությունը, ֆինանսավորման չափը, գիտնականների քանակը և այլն։ Նման մոդելով էր աշխատում գիտությունը ԽՍՀՄ-ում, գրեթե նման մոդելով է աշխատում նաև չինական գիտությունը։

Մոդել 2` «ներքևից վերև», երբ պետությունը ֆինանսավորում է այն գիտական թեմաները, որոնք ներկայացվում են գիտնականների կողմից։ Նման մոդելում գիտնականներին տրված է գործելու մեծ ազատություն։ Գիտնականների ներկայացրած թեմաների գիտականությունն ու արդիականությունը գնահատվում է ոչ թե պաշտոնյաների, այլ ուրիշ գիտնականների կողմից։ Այս մոդելի հիմնական գործիքակազմը դրամաշնորհներն են, որոնք տրվում են թե նոր գիտական թեմաներ իրականացնելու, թե նոր լաբորատորիաներ/կենտրոններ ստեղծելու, թե նոր կադրեր պատրաստելու համար։ Գիտնականները մրցակցում են իրար հետ ֆինանսավորում ստանալու համար, և նման մրցակցությունը հաճախ նպաստում է ավելի որակյալ գիտություն ունենալուն։ Նման մոդել կիրառում են զարգացած երկների մեծ մասը։

Մոդել 3` «հիբրիդ», երբ պետությունը տրամադրում է թե դրամաշնորհներ (գիտնականներին տալով որոշակի ազատություն), թե պատվերներ, որոնք կարևոր են երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար։ Նման մոդել կար Իսրայելում, նման մոդել հիմա կա Ռուսաստանում, հետխորհրդային մի քանի այլ երկներում և նաև՝ Հայաստանում։

Հայաստանում գիտության ֆինանսավորումը բաշխվում է 30/70% հարաբերակցությամբ։ 30%-ը տրվում է դրամաշնորհների տեսքով, իսկ 70%՝ բազային ֆինանսավորմամբ։ Բազային ֆինանսավորումը նշանակում է, որ պետությունն է որոշում մեր գիտական հիմնարկների բյուջեն, տալիս է գումար, որոշակի աշխատանք իրականացնելու համար։ Ու այստեղ սկսվում է մեր «հիբրիդի» աբսուրդայնությունը։ Գումար տալիս է, բայց չի որոշում, թե ինչ թեմայով պետք է զբաղվեն գիտական հիմնարկները։ Ավելին, թեման ներկայացնում է հիմնարկը, և այդ թեման ոչ մի նորմալ փորձաքննություն չի անցնում։ Ու ամենակարևորը՝ ոչ մի կերպ (ոչ մի չափորոշիչով) չի որոշվում, թե որքանով է այդ թեման կարևոր պետության համար։

Հիմա, մենք խոսում ենք ֆինանսավորման պակասի մասին, բայց պետք է նաև խոսել ֆինանսավորման թերի մեխանիզմի մասին, որից էապես կախված է ոլորտի արդյունավետությունը երկրի համար։ Եթե շարունակում ենք «հիբրիդային» մոդելով ֆինանսավորել, ուրեմն պետությունը պետք է պատվեր իջեցնելու մեխանիզմներ մշակի։ Եթե պետությունը չի ուզում սահմանափակել գիտնականների ազատությունը, ապա պետք է անցնել երկրորդ մոդելին։ Ես չգիտեմ, թե որ մոդելն է ավելի լավ մեզ համար, բայց գիտեմ, որ որն էլ լինի՝ այն պետք է նորմալ կիրառել»:



Նման նյութեր