Կառավարության որոշումը, որին Ավինյանը հղում է արել, չի պարունակում Հանրապետության 30/1 հասցեի մասին հիշատակում, այն չկա «Ակն քոնսթրաքշնի» լոտի մեջ, տարածքն էլ ընդգրկված չէ իրացման գոտում. Ա. Մինասյան
Advertisement 1000 x 90

Կառավարության որոշումը, որին Ավինյանը հղում է արել, չի պարունակում Հանրապետության 30/1 հասցեի մասին հիշատակում, այն չկա «Ակն քոնսթրաքշնի» լոտի մեջ, տարածքն էլ ընդգրկված չէ իրացման գոտում. Ա. Մինասյան

Նախօրեին Տիգրան Ավինյանի գրասենյակը, իսկ իրականում Ավինյանն ինքը փորձում է հերքել անհերքելին։ Նա բարդ պարզաբանում է տարածել, որտեղ երկարաշունչ բառակապակցություններ շարադրելուց հետո փորձել է ապացուցել, թե որևէ բանում մեղավոր չէ։ Իրականում վիճակն այլ է, ու Ավինյանը կարծես թե հաստատել է մեղադրանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը:

«Հրապարակված տեղեկություններում առկա էր երկու մեղադրանք. Պետական գույքն օտարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների խախտմամբ, այսինքն՝ ապօրինի, և երկրորդ՝ այն վաճառվել է իրական արժեքից 10-ն անգամ պակաս արժեքով։

Սկսենք առաջինից։ Մի կողմ թողնենք, թե խնդրո առարկա գույքը երբ և ինչպես է ընդգրկվել հանրային գերակա շահի տարածք։ Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն իրավունք չուներ վաճառել պետական սեփականություն հանդիսացող գույքը, ինչը խոստովանել են թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ Պետական գույքի կառավարման կոմիտեում։ Խնդրեմ՝ ապացույցները.

Գույքը ձեռք բերած «Ակն Քոնսթարքշն» ընկերությունը 2020 թվականի փետրվարի 6-ին դիմել է Երևանի քաղաքապետարան և խնդրել Հանրապետության 30/1 հասցեում գտնվող գույքը կադաստրային արժեքով օտարել իրենց օգտին։ Այս դիմումին ի պատասխան, մարտի 3-ին Երևանի քաղաքապետարանն, ի դեմս քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Վ. Խաչատրյանի, պատասխանել է, որ գույքը պատկանում է պետությանը, և քաղաքապետարանն այն վաճառելու իրավունք չունի։

Դրանից հետո՝ մարտի 9-ին, ընկերությունը նույն խնդրանքով դիմում է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այստեղ հարցն ուսումնասիրում են և մայիսի 22-ին նամակով դիմում են Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ գերակա հանրային շահի տվյալ տարածքում պետության անունից հանդես գալու լիազորությունը վերապահված է Երևանի քաղաքապետին։ Ի պատասխան, Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ի նամակով Պետգույքի կառավարման կոմիտեին պարզաբանում է, որ կոնկրետ նշված տարածքի իրացման հարցով նման լիազորություն չունի։

Նույն օրը՝ հունիսի 8-ին «Ակն քոնսթրաքշն» ընկերությունը կրկին դիմում է Պետգույքի կառավարման կոմիտեին։ Այսինքն՝ փաստացի կողմերը համաձայնվում են, որ օտարումը պետք է իրականացնի պետական մարմինը, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը։

Սրանից հետո սկսվում է ամենակարևորը՝ գործին սկսում է միջամտել Տիգրան Ավինյանը։ Հունիսի 9-ին Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որով հանձնարարում է՝ պատրաստել Հանրապետության 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, ուշադրություն, «ուղղակի վաճառքի ձևով, շուկայական գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով օտարելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ»։ Երեք օր անց՝ հունիսի 11-ին, Սուրեն Պապիկյանը Տիգրան Ավինյանին տեղեկացնում է, որ ելակետային տվյալները ստացել են և օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում համապատասխան փաստաթուղթը կպատրաստվի։

Ինչպես տեսնում եք, այս ողջ գրագրությունից երևում է, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Պետգույքի կառավարման կոմիտեն, թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ «Ակն քոնսթարքշն» ընկերությունը և թե՛ Տիգրան Ավինյանը համաձայնության են եկել այն հարցում, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ գույքը պետք է օտարի Պետգույքի կառավարման կոմիտեն, և համապատասխան հանձնարարությունները տրվել են տարածքային կառավարման նախարարությանը։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հետո։ 2020թ. հուլիսի 1-ին «Ակն քոնսթրաքշն» ընկերությունը գույքը ձեռք է բերում, ուշադրություն՝ Երևանի քաղաքապետարանից։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատահեց, որ հաշված օրերի ընթացքում որոշվեց, որ վաճառքը պետք է իրականացնի քաղաքապետարանը։ Հարցի պատասխանը ստանում ենք պայմանագրի կնքումից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 7-ին, Պետգույքի կառավարման կոմիտեին Երևանի փոխքաղաքապետի գրած նամակից, որից պարզվում է, որ վաճառքն իրանանացվել է Տիգրան Ավինյանի 2020թ. հունիսի 24-ի գրության հիման վրա։

Ամփոփենք՝ շուրջ երեք ամիս քննարկումներից հետո որոշվում է, որ վաճառքը պետք է իրականացնի պետությունը, բայց Տիգրան Ավինյանի մեկ գրությամբ այդ իրավունքը վերապահվում է Երևանի քաղաքապետին։ Ինչո՞ւ։

Այս հարցի պատասխանն էլ ստանում ենք Տիգրան Ավինյանին Սուրեն Պապիկյանի գրած 4 էջանոց նամակից։ Հուլիսի 17-ին, Սուրեն Պապիկյանը Տիգրան Ավինյանին հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի իրավական դիրքորոշումների ու գործողությունների միջև առկա է հակասություն։ Ավելին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ իրենք բարեխիղճ կերպով կազմակերպել են գույքի գնահատման աշխատանքներն ու ուղղակի վաճառքի համար անհրաժեշտ իրավական ակտի նախագծի մշակումը, սակայն «պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են գույքը գնահատված արժեքով ձեռք բերելուց, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել էինք Ձեզ՝ խնդրելով Ձեր հանձնարարականը հետագա գործընթացի վերաբերյալ»։

Ամփոփենք՝ բոլորը համաձայն էին, որ գույքը վաճառվեր օրենքով՝ Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից, սակայն ընկերությունը հրաժարվել է առաջարկված գնից, որից հետո Տիգրան Ավինյանը հանձնարարականը տվել է ոչ թե Սուրեն Պապիկյանին, այլ Երևանի քաղաքապետարանին։

Այստեղ մոտեցանք հնչած երկրորդ մեղադրանքին։ Գույքը վաճառվել է գնահատված արժեքից 10-ն անգամ էժան։ Ավինյանի գրասենյակից կարող են հերքել ցանկացած բան, բայց չեն կարող հերքել այս փաստաթղթերում եղած փաստերը։ Հունիսի 9-ին Տիգրան Ավինյանն ինքն է հանձնարարել գույքն օտարել «շուկայական գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով»։ Ինչպես տեսանք Սուրեն Պապիկյանի գրությունից, գույքը գնահատվել է 871.5 միլիոն դրամ, որի մեջ ներառված է հողի կադաստրային արժեքը՝ 66 միլիոն դրամ։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը գույքը վաճառել է 87 միլիոն դրամով, որի մեջ հողի կադաստրային արժեքը կազմել է 42.9 մլն դրամ։

Ինչո՞ւ է Ավինյանի ուղիղ հանձնարարությամբ գույքը վաճառել ոչ թե պետգույքի կոմիտեն, այլ Երևանի քաղաքապետարանը, ինչո՞ւ է գույքը վաճառվել պետության գնահատած արժեքից 10-ն անգամ ցածր արժեքով, ինչո՞ւ է փոփոխության ենթարկվել անգամ հողի կադաստրային արժեքը։ Այս ինչուների ենթադրյալ պատասխանն այն է, որ Տիգրան Ավինյանն ու իր ընկերները ցանկացել են բոլորի հաշվին հարստանալ։ Համենայնդեպս այս հիմնավոր կասկածներն առկա են, քանի դեռ Ավինյանը հակառակը չի ապացուցել, կամ էլ՝ պատկան մարմինները քննության արդյունքում չեն հերքել այդ վարկածը։

Ինչ վերաբերում Տիգրան Ավինյանի տարածած պարզաբանումներին, ապա դրանք ոչինչ չեն հերքում։ Ընդհակառակը՝ հաստատում են։ Ավինյանի հիշատակած՝ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտի 22-ի թիվ 332-Ն որոշումը, որին Ավինյանը երեկ հղում է արել, որևէ բան չի պարունակում Հանրապետության 30/1 հասցեի մասին որևէ հիշատակում չկա։ Բացեք որոշումն ու ինքներդ համոզվեք, տարածքն ընդգրկված չէ իրացման գոտում, իսկ հասցեն չկա «Ակն քոնսթրաքշնի» լոտի մեջ։ Հարց է առաջանում, ե՞րբ և ո՞ւմ որոշմամբ այն ընդգրկվեց այնտեղ։

ՀԳ. Հրապարակված փաստաթղթերն ինքնուրույն կարող եք ուսումնասիրել։ Եվ եթե նշվածն էլ չօգնի հասկանալ, թե ինչ աֆյորայի հետ գործ ունենք, տեղյակ պահեք, մի լայվ էլ ես անեմ»,- գրել է Մինասյանը:



Նման նյութեր