Մահացել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։
«Հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր…
Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգեւորողի…
Նրան սիրում էին իր ուսանողները եւ նրա ուսանողներն այն եզակիներից էին, որ սիրում էին կինոն: Այն եզակիներից էին, որ իրենց առաջին քայլերն այդ աշխարհում արեցին, որպես հասուն անհատներ՝ հայկական կինոյին բերելով իրենց, բացառապես իրենց ձեռագիրն ու շունչը:
Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա:
Հանգչիր խաղաղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։