Ժամանակին Հայաստանում ապրել են բավական թվով ադրբեջանցիներ: Նրանք երևի նաև «լեվի» են գնացել ժամանակ առ ժամանակ և նրանցից ծնված սերունդները հիմա հայտնվում են ֆեյսբուքում ու մեկնաբանություններ գրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով այն մարդկանց, որոնք նշում են, որ հանձնվող գյուղերը թուրքական են:
«Հիմա դաշտ են նետում նաև այնպիսի գաղափարներ, որ սրանք մեր հողերը չեն, գրավված հողեր են եղել: Եթե չեմ սխալվում ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի վարիչը ֆեյսբուքյան իր էջում ապացուցում էր, որ դա ադրբեջանական գյուղ է եղել միշտ: Ծրագիրը միայն տարածքներն ու Սյունիքի անվտանգությունը հանձնելը չէ: Ծրագիրը շատ ավելի շարունկական է: Մյուս քայլը լինելու է այն, որ Սյունիքից հայերը գնալու են, քանի որ անվտանգ չէ այնտեղ ապրել: Շուռնուխում մնացած բնակիչներին դժվար է ասել, որ ապահով կապրեն: Այսինքն ծրագրի շարունակությունը լինելու է Սյունիքի հայկական գյուղերի հայաթափումը, իսկ ծրագրի երկրորդ մասը լինելու է փախստականների վերադարձն այդ գյուղեր: Հայերը ստիպված կլինեն լքել իրենց գյուղերը, տները շատ էժան կծախեն, իսկ այստեղի հայկական ազգանուններով գործակալները կգնեն այդ տները»,-ասաց մեդիափորձագետը:
Վերջինս նշեց՝ որևէ երկրում չի տեսել, որ բանավոր պայմանավորվածությամբ սահմանազատում լինի, տարածքներ տրվեն, գյուղեր դատարկվեն. «Տարածքի դեմարկացիան իրավունք չունի բանավոր անել: Ինքն անում է, և ՍԴ-ն, դատախազությունը պետք է դրանով զբաղվեն: Միգուցե վաղը բանավոր պայմանավորվի, որ Վանաձորն է տալիս կամ Տավուշի մարզը նվեր է տալիս Ադրբեջանին: Քանի որ մարդն ադեկվատության աստիճան չունի, ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ է տալու: Մասիսի շրջանի ժողովուրդը, որը մտածում է՝ հիմա հեռու է այս ամենից, վաղը կարթնանա ու կտենա, որ իր գյուղ են մտել ադրբեջանցիներ ու հանում են նրանց»,-ասաց Տիգրան Քոչարյանը՝ նկատելով, որ մարդիկ էլ մի օր կարթանան՝ Երևանի կենտրոնում մուղամի ձայն լսելուց: