Ռուսական մեկ հեռուստաալիք կպահպանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունքը ամբողջ Հայաստանի տարածքում, ևս երկուսը՝ Երևանում։
2020 թ․-ի դեկտեմբերի վերջին ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին:
Մեր տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը ռուսական մեկ հեռուստաալիքի («РТР-Планета») հեռարձակման իրավունք կտրամադրի ամբողջ երկրի տարածքում, իսկ երկու այլ հեռուստաալիքի («Россия-Культура» և «Первый канал. Всемирная Сеть»)՝ Երևանի սահմաններում։
Ռուսաստանն իր հերթին համահավասարության հիմունքներով Հայաստանի դիմումի հիման վրա գրանցում է համապատասխան ԶԼՄ-ները և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստահեռարձակողին տրամադրում ունիվերսալ հեռարձակման արտոնագիր, որը նախատեսում է հեռուստաալիքի հեռարձակման իրավունք Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում: