2020-ը դերասան ամուսիններ Մարինա Մացականյանի ու Սեյրան Մովսիսյանի ընտանիքում ավարտվեց լավատեսությամբ: Դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը` Միքայելը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարինան խոստովանել է` 2020-ի իրադարձությունների հետեւանքով հղիությունը ծանր է ընթացել, բայց Միքայելի ծնունդը նոր հույս է բերել իրենց ընտանիքին:
«Հղիությունս շատ տարբեր փուլերով անցավ. երբ իմացա, որ հղի եմ, կարանտինը սկսվել էր արդեն, շատ սահմանափակումներ կային, ինչը բարդ էր այնքանով, որ մաքուր օդի, առհասարակ, չէինք կարողանում դուրս գալ, եւ այն հոգեբանական վիճակը, որ անընդհատ մտածում ես չվարակվելու մասին, լարված էր պահում: Իսկ դրական կողմն այն էր, որ այդ շրջանը տանը Սեյրանի հետ երկուսով ենք անցկացրել: Իսկ երբ սկսվեց պատերազմը, հասկացա, որ այն կարանտինը, որից նեղվում էինք, չարյաց փոքրագույնն էր… Պատերազմի օրերին շատ վատ եմ տարել հղիությունս… Չկար այնպիսի օր, որ լաց չլինեի: Գիտեի, որ հղի եմ ու չի կարելի այդպես լարվել, բայց, միեւնույն է, չէի կարողանում ինձ զսպել: Ամուսինս ամեն ինչ անում էր, որ չլսեմ, չիմանամ այդ լուրերը, բայց նման ինֆորմացիան հնարավոր չէ թաքցնել…»,- նշում է դերասանուհին,- «Համոզված եմ, որ տղաս այդ ամենն իմ ներսում զգալով ավելի ուժեղ է դարձել. Փառք Աստծո` նրա հետ ամեն ինչ կարգին է, ծննդաբերությունը լավ է անցել ու հուսով եմ` երբ նա մեծանա, ես իրեն ավելի լավ բաներ կունենամ պատմելու, եւ իր մանկությունը կանցնի խաղաղ, ու խաղաղությունն իր համար երազանք չի լինի»,- հավելում է նա:
Ամբողջությամբ՝ style.news.am