Գևորգ Եղիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Խորհրդային Հայաստանի բազմաթիվ ձեռքբերումները, հատկապես գիտության, արդյունաբերության ու ճարտարապետության ոլորտներում մենք հաճախ ընկալում ենք որպես «հա դե տենց էլ պիտի լիներ»՝ կարծես թե բնական էր, որ ԽՍՀՄ վերնախավը հե՜նց Հայաստանում դրանց համար բարենպաստ պայմաններ պիտի ստեղծեր։ Այն, որ, օրինակ, տարածաշրջանում ատոմակայան ունեցող միակ երկիրն ենք, հաճախ ընդունում ենք որպես ի վերուստ տրված, «սովետից մնացած» բնական հարստություն։ Սակայն խորհրդային Հայաստանում գիտատեխնիկական ու արդյունաբերական հաստատությունների, ինչպես նաև քաղաքաշինական և ճարտարապետական խոշոր ծրագրերի պատմությունը բոլորովին այլ պատկեր են բացահայտում։
Բոլորը լսել են հանրահայտ «Մերգելյանի» ինստիտուտի մասին, և միգուցե ծանոթ են Սերգեյ Մերգելյանի գործունեությանն ու ավանդին։ Բայց քչերը գիտեն «Մերգելյանի» ինստիտուտը, ինչպես նաև խորհրդային Հայաստանի գիտատեխնիկական ու էներգետիկ հաջողություններն ու մշակույթը ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՐԱԾ, համաշխարհային մասշտաբի փայլուն գիտնական, ինժեներ, Լեռնային Ղարաբաղի Ծմակահող գյուղի 1905թ․ ծնունդ, Անդրանիկ Իոսիֆյանի մասին։
Որպեսզի պատկերացում կազմեք Իոսիֆյան հսկայի մասին, ընդամենը մի քանի փաստ իր կյանքից․
⁍ նա 20րդ դարում կառավարման համակարգերում հիրավի հեղափոխություն իրականացրած անկոնտակտ սելսինի՝ էն լոկատոր անտեննաների արագ պտտվելը, կամ ՀՕՊ համակարգերում զենիթային զենքով թիրախին սինխրոն հետևելը ԱՌԱՆՑ մեխանիկական մասերի հնարավոր դարձնող սարքավորման, և բազմաթիվ այլ գյուտերի հեղինակն է։
⁍ Հայրենական մեծ պատերազմի սկզբում նա նշանակվում է Մոսկվայի հայտնի 627 գործարանի տնօրեն, և նրա ղեկավարության տակ նախագծվում, մշակվում և արտադրվում են մի շարք էքսպերիմենտալ զինատեսակներ՝ հակատանկային հեռակառավարվող կամիկաձե հրասայլակներից սկսած, էլեկտրական հետախուզական ուղղաթիռներով և ծովային տորպեդաների համար էլեկտրական շարժիչներով վերջացրած։ Այս գործարանը պատերազմից հետո Իոսիֆյանի անմիջական ջանքերով վեր է ածվում ավելի քան 20,000 աշխատակից ունեցող էլեկտրոմեխանիկայի համամիութենական ինստիտուտի (ВНИИЭМ) այն դեպքում, երբ սովորաբար հենց բուն գործարանը չէր դառնում գիտահետազոտական ինստիտուտ։
⁍ ԽՍՀՄ հրթիռաշինության, այդ թվում՝ Գագարինին տիեզերք ուղարկած հրթիռի էլեկտրամեխանիկական ապահովման կնքահայրն է, Ս․ Կորոլյովի խոսքերով՝ «էլեկտրատեխնիկական կայսրության» հիմնադիրը։ Քչերը գիտեն, որ ժամանակակից տիեզերական ապարատների զանգվածի կեսից ավելին կազմում են էլեկտրաշարժիչներն ու էլեկտրական ապահովման համակարգերը։
⁍ Աշխարհում առաջինն է փոքր չափերի տիեզերական ապարատները որպես տիեզերագնացության ապագա տեսնում՝ գոյություն ունեցող ծանրակշիռ հրթիռները համարելով չափազանց թանկ և ոչ հեռանկարային։ Տիեզերագնացությունը հենց այդ ճանապարհով էլ պիտի գնար հետագայում (как тебе такое, Илон Маск?)։
⁍ Կյանքի կոչելով փոքր արբանյակների իր մտահղացումը՝ նրա ղեկավարությամբ առաջին անգամ նախագծվում, տիեզերք է ուղարկվում և գործարկվում է ԽՍՀՄ օդերևութաբանական և երկրի մակերևույթը հետախուզող արբանյակների համակարգը, որի հատկապես գյուղատնտեսության և երկրաբանական հետախուզության ոլորտներում բերած պրակտիկ տնտեսական օգուտի շնորհիվ 80ականների սկզբին պոլիտբյուրոն առաջին անգամ հայտարարեց տիեզերական ծրագրի մեջ ներդրումների՝ տնտեսապես արդարացված լինելու մասին․ 30 տարվա կտրվածքով տիեզերական ծրագրի մեջ ներդրված յուրաքանչյուր 1 ռուբլին երկրին բերում էր 25-30 ռուբլի եկամուտ։
⁍ Ե՜վ ԽՍՀՄ, և՜ ԱՄՆ ռազմարդյունաբերական համակարգերը ունեին նույն կադրային խնդիրը․ երկուսն էլ ունեին բազմաթիվ փայլուն տեսաբաններ և բազմաթիվ փայլուն ինժեներներ, սակայն տեսության ու «մետաղի» միջև կապը տեսնող ու կազմակերպչական հմտություններով օժտված կադրերը կարելի էր մատների վրա հաշվել։ Իոսիֆյանը հենց այդպիսի առանցքային դեր ուներ խորհրդային ռազմարդյունաբերության մեջ, ինչը և մեզ բերում է նրա մասին բուն ասելիքին։
Այս գիտատեխնիկական մտքի հսկան մեզ պետք է հետաքրքիր լինի առաջին հերթին իր կազմակերպչական, կառավարման, մենեջմենթի ու անձնական նախաձեռնողականության հմտություններով, և Հայաստանի երկրորդ հանրապետության զարգացման գործում դրանց անուրանալի դերով։
Մասնավորապես, հայրենական պատերազմի ավարտին խորհրդային ուժերի կողմից գրավված տարածքներից բազմաթիվ գործարաններ և հաստոցներ որպես «տրոֆեյ» ուղարկվում էին ԽՍՀՄ։ Օգտագործելով ԽՄԿԿ պոլիտբյուրոյում իր անձնական կապերը, ինչպես նաև Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Արությունովի (մեկ այլ ֆանտաստիկ հայորդի․ ի դեպ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու հարցը առաջինը բարձրացնել համարձակված ղեկավարը) մտերմությունը Ստալինի հետ, Իոսիֆյանը հասնում է նրան, որ այդ գործարանները հենց Հայաստան ուղարկվեն և որ այդ տեխնոլոգիական բազան հենց Հայաստանում դրվի (չնայած նրան, որ դրա համար ոչ մի օբյեկտիվ պատճառ Մոսկվայի տեսանկյունից չկար)։ Այնուհետև իր հիմնադրած ВНИИЭМ-ի մասնաճյուղ է բացում Հայաստանում։ Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ ղեկավարությունը հրամայում է ազատվել Մոսկվայում նրա ենթականերից հայտնի տաղանդավոր ռուս գիտնական Վադիմ Ալեքսեևսկուց, որպես ռեպրեսիաների ենթարկված հարազատներ ունեցողի։ Իոսիֆյանը արագ կողմնորոշվում է և, օգտվելով առիթից, այդպիսի արժեքավոր կադրին ուղարկում է Երևան՝ որպես «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր ինժեներ, Մոսկվայի աչքից հեռու։
Հենց այս, առաջին հայացքից սովորական նշանակումն էր, որ ձևավորեց Հայաստանի էլեկտրոմեխանիկական, և հետագայում՝ հաշվիչ մեքենաների գիտական լուրջ մշակույթ և նույնիսկ ատոմակայան ունենալու հեռանկարը։ Բանն այն է, որ Իոսիֆյանի ցուցումով Վադիմ Ալեքսեևսկու անմիջական ղեկավարությամբ «Հայէլեկտրոյի» երիտասարդ կադրերից ընտրվում էին ամենատաղանդավորները, ուղարկվում Մոսկվա ուսման ու այնուհոտև ասպիրանտուրայի, և Իոսիֆյանի խիստ հսկողությամբ հետ ուղարկվում Հայաստան։ Վերադառնալուն պես, նրանց մի մասն անցնում էր բուն արտադրական միավորումներում, մի մասը Ալեքսեևսկու ղեկավարած ВНИИЭМ-ի մասնաճյուղում և «Հայէլեկտրոյին» կից ստեղծվող նոր գիտահետազոտական ինստիտուտներում աշխատանքի, իսկ մնացած մասն էլ՝ ավելի ուշ Ալեքսեևսկու հետ միասին հիմնադրում է Երևանի պոլիտեխնիկի հաշվողական տեխնիկայի ամբիոնը (ժողովրդական լեզվով՝ «ВТ»-ն), ինչպես նաև՝ 1957 թվականին ԵՊՀ-ում հիմնում է հաշվողական մաթեմատիկայի ամբիոնը, որի հիմքի վրա հետագայում ստեղծվում է մինչ օրս գոյություն ունեցող կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։
Տնտեսագիտության մեջ գոյություն ունի spillover effect (эффект перелива) հասկացությունը։ Քաղաքների տնտեսական գործունեության և զարգացման, զանազան ոլորտային կլաստերների (օրինակ՝ սիլիկոնային հովտում տեխնոլոգիական) առաջացումը բնութագրող այս էֆեկտի իմաստը ընդհանուր մարդկային, արտադրական, լոգիստիկ և ադմինիստրատիվ ռեսուրսային բազայի շուրջ ձեռնարկությունների և մարդկանց հավաքվելն է (օրինակ՝ տարբեր հագուստ արտադրողներ կլաստեր են ստեղծում կոճակ արտադրող և բոլորին սպասարկող արտադրության մոտ) և դրական հետադարձ կապով այդ կլաստերների հետագա զարգացումն է (երբ «հագուստային» ինդուստրիա մտնելու համար նորեկ արտադրողը բնականորեն միանում է այդ կլաստերին, ինչպես սիլիկոնային հովիտն է «ձգում» երիտասարդ ստարտափ ընկերություններին)։
Փայլուն հասկանալով այս spillover effect-ի նշանակությունը Մոսկվայից նոր ներդրումներ պոկելու հարցում՝ Իոսիֆյանը, կենտկոմի արդեն հաջորդ առաջին քարտուղարի՝ Սուրեն Թովմասյանի հետ միասին, հենց այդ պատճառաբանությամբ է Մոսկվային հիմնավորում արդեն գոյություն ունեցող էլեկտրոտեխնիկական «Հայէլեկտրո»-ВНИИЭМ կլաստերի և նախորոք «զոռով» ստեղծած համապատասխան բարձր գիտական կադրային բազայի առկայության պայմաններում 1) էլէկտրամեքենաշինական, 2) չափիչ սարքերի, 3) կաբելային, 4) լամպերի, 5) էլեկտրական շարժիչների, 6) կենցաղային առարկաների, և 7) ակումուլյատորների պլանավորվող միութենական գործարանները հենց Հայաստանում կառուցելու ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ։ Սրան հասնելը ի՞նչ է, եթե ոչ «քարից հաց քամել»։ Հայաստանը հանկարծ դառնում է նման ներդրումների համար տնտեսապես ձեռնտու (տենց միֆ կա՝ իբր Սովետը հիմնականում ոչ էֆեկտիվ էր բաշխում ռեսուրսները)։ Բայց սա դեռ ամենը չէ։
Լինելով աներևակայելի լայն մտահորիզոնով գիտնական, Իոսիֆյանը մտնում է հաշվիչ մեքենաների՝ այն ժամանակվա համակարգիչների ոլորտ և առաջիններից է ստեղծում փոքրածավալ հաշվիչ մեքենայի պրոտոտիպ՝ M-3 մեքենան՝ 2 օրինակով, որոնցից մեկը ուղարկում է Երևան (!!!)՝ զուգահեռաբար Հայաստանում հիմնադրելով երկրորդ խոշոր գիտահետազոտական հաստատությունը՝ մաթեմատիկական մեքենաների՝ «Մերգելյանի» ինստիտուտը՝ հանձնարարելով դա իր ոլորտից բավականանին հեռու աշխատող մաքուր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանին, որին նա նկատել էր և դրանից ընդամենը շաբաթներ առաջ հրավիրել իր մոտ Մոսկվա՝ ծանոթանալու։ (Գործելու արագությունն ու հեռատեսությունը ապշեցուցիչ են, չէ՞)
Հաշվիչ մեքենաների հետազոտական այս նոր ոլորտը Հայաստանում ոչ միայն լուրջ հաջողություններ է ունենում ի դեմս ընդամենը մի քանի տարվա ընթացքում մշակված և լույս տեսած «Հրազդան» կիսահաղորդիչային (!!!) հաշվիչ մեքենայի, այլ նաև, արդեն Հայաստանում պաշտպանած աշխատությունների հիման վրա, ծնում է մի շարք այլ նեղ մասնագիտացած գիտահետազոտական ինստիտուտներ, ուշադրություն, ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում և Աբովյանում։ Թե ինչպես են խորհրդային Հայաստանի ղեկավարները կարևորում նաև շրջաններում գիտահետազոտական ինստիտուտների հիմնադրումը, առանձին հետաքրքիր պատմություն է։
Անդրանիկ Իոսիֆյանը անուղղակի ազդեցություն է ունեցել նաև հայկական աստղաֆիզիկայի զարգացման վրա։ Վիկտոր Համբարձումյանից հետո մեծությամբ թերևս երկրորդ աստղագետ Գրիգոր Գուրզադյանը (վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրը) պատմում է թե ինչպես է հասցրել տեսնել Իոսիֆյանի «Метеор» տիեզերական արբանյակը կոսմոդրոմ մեկնելուց առաջ, և թե ինչպիսի ուժեղ ազդեցություն է ունեցել իր վրա այդ արբանյակի մասին Իոսիֆյանի ոգևորված ժամերով պատմելը։ Հետագայում Գուրզադյանը, առանձնանալով Համբարձումյանից, Գառնիում ստեղծում է աստղագիտության լաբորատորիա և որի ղեկավարության տակ աշխատել է նաև հայրս՝ Արարատ Եղիկյանը։
Ինչևէ, վերադառնալով ատոմակայանին՝ քչերը գիտեն, որ Վրաստանում արդեն 50ականներից գործում էր հետազոտական փոքրիկ ատոմային ռեակտոր և նրա շուրջ արդեն ձևավորվել էր ատոմային էներգետիկայում շատ ուժեղ գիտական և կադրային բազա։ 50-60ականներին բնակչության կտրուկ աճի, ուրբանիզացիայի և արդյունաբերական ծավալների աճի պատճառով տարածաշրջանում հասունանում է էներգետիկ ճգնաժամ, և որը լուծելու համար որոշվում է նախատեսել տարածաշրջանում ատոմակայան։
Այդժամ Սուրեն Թովմասյանին փոխարինած Յակով Զարոբյանը իր տեղակալին հանձնարարում է մեկնել Մոսկվա՝ Անդրանիկ Իոսիֆյանի հետ հանդիպելու և այդ հարցի շուրջ զրուցելու նպատակով։ Իոսիֆյանը շատ արագ ընկալում է հարցի էությունը, և նախապատրաստական պարարտ հող ստեղծելու նպատակով կապնվում է վերևում նշված էլեկտրական շարժիչների գործարանի հիման վրա ստեղծված գիտահետազոտական ինստիտուտի (НИИЭлектромаш) ղեկավարության հետ և, քանի որ նրանք արդեն մշակում էին ասինխրոն էլեկտրական շարժիչների մոդելներ, քննարկում ատոմային էլեկտրակայանների համար նման շարժիչներ մշակելու ուղղությամբ զբաղվելու հնարավորությունը՝ բացատրելով Հայաստանում ատոմակայանի համար պարարտ հող ստեղծելու և դա հետագայում Մոսկվային «դեմ տալու» անհրաժեշտությունը։
Մտահղացումը իրականացվում է և НИИЭлектромаш-ի գիտնականներն ու ինժեներները լուրջ արդյունքներ են ստանում ատոմային կայանների համար նշված էլեկտրական շարժիչների նախագծման ոլորտում։ Մի քանի տարի անց, երբ 60ականների կեսերին ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գոսպլանների միջև «բանակցություններ» են տեղի ունենում, Յակով Զարոբյանը օգտագործում է տարիներ առաջ պատրաստած պարարտ հողը ատոմակայանների համար էլեկտրական շարժիչների գիտահետազոտական կադրային բազայի տեսքով և ընդհանրապես հայկական «էլեկտրատեխնիկական կայսրության» արդեն գոյություն ունեցող կլաստերի խաղաքարտը, և համառությամբ համոզում Մոսկվային, որպեսզի Ատոմակայանը հենց Հայաստանում կառուցվի։
Առանձին ուսումնասիրման արժանի և ոչ պակաս ֆենոմենալ պատմություն է ատոմակայանի վերագործարկման պատմությունը՝ արդեն նորանկախ երրորդ հանրապետության ղեկավարության կողմից 1995 թվականին՝ օգտագործելով ռուսական ատոմային էներգետիկայի, ինչպես նաև ամերիկահայ և ֆրանսահայ մասնագետներին՝ միկրոսեյսմիկ հետազոտությունների և մոդելավորման աշխատանքների համար՝ ստանալով աշխարհում միակ վերագործարկված ատոմակայանը։
Սրանք բոլորը գիտության, գիտության կազմակերպման և քաղաքական իշխանությունների փայլուն համագործակցության օրինակներ են հայկական հողի վրա՝ ի բարօրություն Հայաստանի։ Առանց պաթոսային հայրենասիրության կամ որևէ գաղափարախոսության՝ պարզապես օգտագործելով առկա իրավիճակը և ստեղծելով համապատասխան կոմպետենտ քաղաքական մշակույթ։
Հայաստանն այսօր հայտնվել է ծանր, բայց ոչ անելանելի վիճակում։
Էլբակեան Էդգար -ի հետ զրուցելիս էսպիսի մի միտք ձևակերպվեց պատմության մեջ «ճիշտ պահի» կարևորության մասին․ Եթե պատմության մեջ կառուցվածքային օրինաչափությունները դեպքերի ընդհանու՜ր տրամաբանությունն են կանխորոշում, ապա «ճիշտ պահը» որսալը կախված է դրան նախորդած ժամանակներում ստեղծած պարարտ հողի՝ «տրամպլինի» բացած հնարավորությունների լայնությունից։
Օրինակ, խորհրդային ամենաստաբիլ տարիներին էր, որ վերևում պատմածս որոշումների, միջոցառումների և լուռ պայքարի արդյունքում հիմք էր դրվում ու հղկվում էին ազգային այն էլիտան ու համակարգերը, որոնք «տրամպլին» կհանդիսանան «ճիշտ պահին» բացված հնարավորությունը կապիտալիզացնելու ու Արցախը ազատագրելու համար, չնայած նրան, որ ընդհուպ մինչև այդ դեպքերին նախորդող մի քանի տարիները ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում նման սցենար։ Ընդհանրապես, որևէ երկարաժամկետ բան պլանավորելիս պետք է մշակել ոչ թե կոնկրետ տեսլական, այլ կառուցվածքային օրինաչափությունների շրջանակներում ապագայում բացվելիք ԱՄԵՆԱԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ պատուհանների համար «տրամպլին»։
Մենք օբյեկտիվորեն ոչ ռեսուրս, ոչ ներուժ չունենք էս պահին որևէ կենսունակ տեսլական մշակելու ու առավել ևս՝ կյանքի կոչելու համար, բայց կարող ենք ստեղծել նման «տրամպլին»՝ ապագայում «ճիշտ պահը» որսալու համար։ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են ստեղծված իրավիճակում համառորեն «քերող», Հայաստանը մանրադրամ օգտագործվելու սցենարին դիմակայելու համար Հայաստանը «թանկացնող»՝ դեպի վերևում նշված տնտեսական կլաստերներ փոքր, բայց հաստատուն քայլեր ձեռնարկող, բայց միևնույն ժամանակ, ի հեճուկս այսրոպեական հանգամանքներին՝ գոնե միջնաժամկետ առաջնայինը երկրորդականից տարբերող իշխանություններ։
Ինչպե՞ս տարբերել առաջնայինը երկրորդականից։ Սերգեյ Մերգելյանն իր հուշերում պատմում է Իոսիֆյանի հետ իր առաջին հանդիպման մասին։ Ինչպես հիշում եք, վերջինս նկատել էր Մերգելյանին և կանչել էր իր մոտ ծանոթանալու համար։ Ծանոթանալուց հետո Իոսիֆյանը Մերգելյանին խնդրում է պատմել իր աշխատանքի մասին։ Մերգելյանը, ծանոթ լինելով Իոսիֆյանի գործունեությանը, ասում է՝ բայց ես աբստրակտ բաներով եմ զբաղվում, ձեր ոլորտից շատ հեռու։ Իոսիֆյանը ստիպում է, որպեսզի Մերգելյանն այնուամենայնիվ պատմի։ Մերգելյանը պատմում է, և հետո հիացմունքով հիշում, թե ինչպես էր Իոսիֆյանը, չնայած նրան, որ չէր հասկանում իր պատմածի մանրամասները, այնուամենայնիվ ապշելու աստիճանի որսում բուն էությունը, գտնում ասելիքի կորիզը իրենից այդքան հեռու մի ոլորտում։
Այդ բուն էությունը որսալու, առաջնայինը երկրորդականից տարբերելու արվեստը կոչվում է էվրիստիկա (heuristics)։ Որպես անորոշության պայմաններում որոշում կայացնելու մեթոդաբանություն, սա ըստ էության գիտելիքահեն ինտուիցիան է։ Օնլայն ռիթեյլերները, օրինակ Ամազոնը, ամեն օր շատ պրակտիկ խնդիր են լուծում․ ինչպե՞ս կանխատեսել տվյալ գնորդը մոտակա որոշակի ժամանակահատվածում նոր գնում կկատարի՞ (ակտիվ է), թե՞ ոչ (ակտիվ չէ)։ Այս խնդիրը լուծելու համար մինչև ընդհուպ վերջերս ամենատարածված մեթոդը մաթ․ վիճակագրության այսպես կոչված բացասական բինոմիալ մոդելն էր (negative binomial), որը մի քանի պարամետրով մոդել է, որի պարամետրերը Ամազոնի ունեցած գնորդների մասին տվյալներից գնահատվում էին, և այնուհետև օգտագործվում նոր կանխատեսումներ անելու համար։ Այս մեթոդը լավ արդյունք էր տալիս։ Սակայն մի օր ղեկավարությունը նկատում է որոշ ապրանքատեսակների վաճառքի գծով մենեջերների մոտ անոմալ ավելի լավ անընդհատ արդյունք։ Պարզվում է՝ այս մենեջերները ոչ մի թիթիզ մոդել էլ չէին օգտագործում և պարզապես էվրիստիկ մեթոդ էին կիրառում․ եթե գնորդը վերջին ինչ-որ ժամանակահատվածում գնում արել է, ապա նա հավանական է, որ շուտով նորից կանի։ Եթե չի արել, ապա չի էլ անի։ Այս պարզ, առանց որևէ պարամետր և որևէ մաթեմատիկական գիտելիք պահանջող մեթոդը ահագին ժամանակ գերազանցել է բարդ մոդելներին։
Որոշում կայացնող քաղաքական գործիչները հաճախ այսպիսի էվրիստիկ մեթոդների են դիմում։ Եվ չնայած նրան, որ այսրոպեական հանգամանքները ոչ մի իշխանության թույլ չեն տալու երկարաժամկետ կտրվածքով առաջնայինը երկրորդականից տարբերել ( Smbat Gogyan-ի դեպքը վկա), միևնույնն է՝ պետք է ստեղծվի էվրիստիկ այդ մշակույթը և հետագայում բացվելիք հնարավորությունների համար պարարտ հողը։ Ի՞նչ ենք մենք ընդհանրապես սովորել ոչ վաղ անցյալում մեր բազում հաղթանակներ կերտած ու շատ կոնկրետ կազմակերչական-կառավարման խնդիրներ լուծած մարդկանցից։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։