«Ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան». Արտակ Զաքարյան

Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը, և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Սակայն կկարողանա՞ կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:

Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքական կորիֆեյներից մեկը: Որպես փոխնախագահ՝ նախկինում նա առաջնային դեր է ունեցել և անձամբ ծանոթ է արտաքին քաղաքական բոլոր հարցերին: Նրա անձնական ջանքերը հատկապես վրացական հարցերում 2008 թ․-ից սկսած բավականին ցայտուն են եղել: Սակայն հետագայում նրա կողմից համակարգվող «վերբեռնման» գործընթացը, որի նպատակն էր հարթել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոշտ և սուր անկյունները, որևէ շոշափելի արդյունքներ չեն գրանցել:

Ամբողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը շարունակում է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ բերելով ավելի շատ ու ավելի մեծ սպառնալիքներ: Ներկայումս միակ գերտերությունը, որն ամենօրյա ռեժիմով շահագրգռված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությամբ ու կանխատեսելիությամբ, Ռուսաստանի Դաշնությունն է: Այս իրավիճակում դժվար է ասել, թե հատկապես ինչպիսի՞ դերակատարում կունենա ԱՄՆ-ը, որտեղ Բայդենի վարչակազմի հավանական ներկայացուցիչները հայտնի են ՌԴ նկատմամաբ իրենց, մեղմ ասած, կոշտ դիրքորոշումներով:

Էնտոնի Բլինկենը, Վենդի Շերմանը, Ուիլյամ Բերնսը, Վիկտորյա Նուլանդը, Անդրեա Սլոատը, Նենսի Մըքէլդաուին, անշուշտ, մեծ փորձառությամբ գործիչներ են, բայց արագ փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ը դերակատարությունը և նրա նկատմամաբ վստահությունը ևս փոխվել են: Այսպես կոչված ժողովրդավարության անվան տակ առաջ մղվող ծրագրերը տարբեր երկրներում ներքաղաքական վարիացիաները, դրանց արդյունքում ձևավորված քաոսային «կառավարումը» հանգեցրել են տարածաշրջանային բարդ ու պայթյունավտանգ հարաբերությունների:

Կարելի է ենթադրել, որ նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը առնվազն կփորձի ակտիվացնել հարաբերությունները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հատկապես, որ Թրամփի վարչակազմը շեղվել էր այդ ուղղություններից՝ կենտրոնանալով հիմնականում Չինաստանի, Իրանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի վրա: Դա առավել ցայտուն երևաց հայ-ադրբեջանական վերջին պատերազմում, որտեղ ԱՄՆ-ը արձագանքը զուտ ձևական և սիմվոլիկ բնույթ ուներ:

Վերջին երեք տարիներին Հարավային Կովկասում ԱՄՆ միակ ներկայությունը եղել է 2018 թ. Բոլթոնի այցելության տեսքով, ով Նիկոլի կառավարությանը խորհուրդ տվեց հրաժարվել պատմական կարծրատիպերից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը (բնականաբար, ստացվեց ի վնաս Հայաստանի):

Արցախյան պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամենաթեժ փուլերում, հետևաբար ԱՄՆ դերակատարությունը զրոյական էր՝ չհաշված նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի մի շարք սպոնտան հայտարարությունները: Իսկ պատերազմի ընթացքում Բայդենի արած մի շարք հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի վրա գործնական ազդեցություն ունենալ չէին կարող:

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը միակ գերտերությունն է, որն ապացուցեց իր անվերապահ ազդեցությունը և դոմինանտ դերը Հարավային Կովկասում: Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը այս իրողության հետ՝ առայժմ դժվար է ասել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին վերակենդանացնելու փորձեր ԱՄՆ կողմից, կարծում եմ, կարվեն:

Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Հարավային Կովկաս վերադառնալու համար ունի, իհարկե, Թուրքիայի խաղաքարտը, որի միջոցով Ադրբեջանի վրա կարող է ավելացնել ադեցությունը: Իսկ որքանո՞վ Էրդողանի Թուրքիան կցանկանա ուղիղ մասնակցություն ունենալ ռուս-ամերիկյան հակադրություններին, ևս դժվար է ասել:

Հաջորդ հանգամանքը Իրանի հետ 2015-ից ընդհատված միջուկային հարցի շուրջ ԱՄՆ բանակցությունների վերսկսման քայլերը կարող է լինել, որի հեռանկարները նույնպես անկանխատեսելի զարգացումների կարող են բերել տարածաշրջանի համար: Հետևաբար գոնե տեսանելի ապագայում ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում, ամենայն հավանականությամբ, չի փոխվի, հատկապես որ Հարավային Կովկասից ԱՄՆ հեռանալը սկսվել էր դեռևս Օբամայի նախագահության տարիներից:

Մի բան, կարծում եմ, հստակ է, որ ապագայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան: Դատելով հայտարարություներից՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Չինաստանի դերը որպես սպառնալիք իր տարածաշրջանային գերակայություններին, չնայած որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում Պեկինի հետ համագործակցությունը գլոբալ հարցերում: Միևնույն ժամանակ Բայդենի կողմնակիցները Ռուսաստանը դիտարկում են որպես գլոբալ անվտանգության հարցերում հիմնական մրցակից ու հակառակորդ: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Բայդենի նախագահության տարիներին ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կարող են ավելի սրվել, չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ:

Միակ երկիրը, որտեղ դեռևս պոտենցիալ հնարավորություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցության համար, Վրաստանն է: Իսկ արցախյան վերջին պատերազմը և հետևանքներն առայժմ ցույց են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հատաքրքրությունների բացակայությունը:

Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ…

Опубликовано Artak Zakaryan Вторник, 19 января 2021 г.



Նման նյութեր