Այսօր երեխաների` մագնիս կուլ տալու խնդիրն արդիական է աշխարհի շատ երկրներում, ավելին` շատ մասնագետների կարծիքով, այսօր այս խնդիրն ավելի սուր է, քան` տասնամյակներ առաջ, քանի որ այսօր հասանելի մագնիսները 10-20 անգամ ավելի հզոր են, քան նախկինում:
Ի՞նչ վտանգ է պարունակում մագնիս կուլ տալը
Medportal.ru-ի փոխանցմամբ` մարսողական տրակտում մագնիսական գնդիկները կարող են ձգել միմյանց, ինչը կարող է հյուսվածքների վնասման հանգեցնել: Օրինակ` մագնիսները կարող են ձգել միմյանց` գտնվելով հարեւան աղիքային օղակներում, ինչը կարող է ծակել այդ օրգանի պատը: Նմանատիպ դեպքեր նկարագրված են բժշկական գրականության մեջ: Մեկ մագնիսի կուլ տալը շատ ավելի քիչ վտանգավոր է, քան` մի քանի մագնիս կուլ տալը, քանի որ այն աղիքներում դեպի իրեն ձգելու ոչինչ չունի:
Ինչպե՞ս կանխել մագնիսի կուլ տալը երեխաների կողմից
«Թունավորումների գլխավոր ազգային կենտրոն» (National Capital Poison Center) ՀԿ-ն խորհուրդ է տալիս.
- Եթե տանը մագնիսներ են օգտագործվում, ապա դրանք հարկ է պահել փակ սենյակում կամ արկղի մեջ` երեխաներից եւ տնային կենդանիներից հեռու:
- Մագնիսների հավաքածուները պետք է հեռու պահվեն ինչպես երեխաներից, այնպես էլ զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանցից եւ տարեցներից:
- Սառնարանի վրայի մագնիսները պետք է բավականաչափ մեծ լինեն, որպեսզի հնարավոր չլինի դրանք կուլ տալ կամ խեղդվել դրանցով:
- Չի կարելի մագնիսները որպես պիրսինգի իմիտացիա օգտագործել:
- Մագնիսների օգտագործումից հետո համոզվեք, որ դրանցից ոչ մեկը չի կորել:
Ի՞նչ անել, եթե երեխան մագնիս է կուլ տվել
Մասնագետների խոսքով` եթե երեխան արդեն մագնիս է կուլ տվել, մարտավարությունը տարբերվում է սովորական թունավորման դեպքում կիրառվող մեթոդներից:
- Պետք չէ երեխայի մոտ փսխում առաջացնել (պետք չէ փորձել ստամոքսային լվացում անել):
- Պետք չէ ուտելու կամ խմելու բան տալ:
- Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Միայն մասնագետները կարող են ճիշտ եւ անվտանգ դուրս հանել մագնիսները: Ցանկալի է դա անել հնարավորինս շուտ` նեկրոզը (հյուսվածքների մահը) եւ այլ խնդիրներ կանխելու համար, որոնք կարող են առաջանալ, եթե մագնիսները մնան երեխայի օրգանիզմում: