Ի՞նչ անել, եթե երեխան մագնիս է կուլ տվել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել, եթե երեխան մագնիս է կուլ տվել

Այսօր երեխաների` մագնիս կուլ տալու խնդիրն արդիական է աշխարհի շատ երկրներում, ավելին` շատ մասնագետների կարծիքով, այսօր այս խնդիրն ավելի սուր է, քան` տասնամյակներ առաջ, քանի որ այսօր հասանելի մագնիսները 10-20 անգամ ավելի հզոր են, քան նախկինում:

Ի՞նչ վտանգ է պարունակում մագնիս կուլ տալը

Medportal.ru-ի փոխանցմամբ` մարսողական տրակտում մագնիսական գնդիկները կարող են ձգել միմյանց, ինչը կարող է հյուսվածքների վնասման հանգեցնել: Օրինակ` մագնիսները կարող են ձգել միմյանց` գտնվելով հարեւան աղիքային օղակներում, ինչը կարող է ծակել այդ օրգանի պատը: Նմանատիպ դեպքեր նկարագրված են բժշկական գրականության մեջ: Մեկ մագնիսի կուլ տալը շատ ավելի քիչ վտանգավոր է, քան` մի քանի մագնիս կուլ տալը, քանի որ այն աղիքներում դեպի իրեն ձգելու ոչինչ չունի:

Ինչպե՞ս կանխել մագնիսի կուլ տալը երեխաների կողմից

«Թունավորումների գլխավոր ազգային կենտրոն» (National Capital Poison Center) ՀԿ-ն խորհուրդ է տալիս.

  • Եթե ​​տանը մագնիսներ են օգտագործվում, ապա դրանք հարկ է պահել փակ սենյակում կամ արկղի մեջ` երեխաներից եւ տնային կենդանիներից հեռու:
  • Մագնիսների հավաքածուները պետք է հեռու պահվեն ինչպես երեխաներից, այնպես էլ զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանցից եւ տարեցներից:
  • Սառնարանի վրայի մագնիսները պետք է բավականաչափ մեծ լինեն, որպեսզի հնարավոր չլինի դրանք կուլ տալ կամ խեղդվել դրանցով:
  • Չի կարելի մագնիսները որպես պիրսինգի իմիտացիա օգտագործել:
  • Մագնիսների օգտագործումից հետո համոզվեք, որ դրանցից ոչ մեկը չի կորել:

Ի՞նչ անել, եթե երեխան մագնիս է կուլ տվել

Մասնագետների խոսքով` եթե երեխան արդեն մագնիս է կուլ տվել, մարտավարությունը տարբերվում է սովորական թունավորման դեպքում կիրառվող մեթոդներից:

  • Պետք չէ երեխայի մոտ փսխում առաջացնել (պետք չէ փորձել ստամոքսային լվացում անել):
  • Պետք չէ ուտելու կամ խմելու բան տալ:
  • Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:Միայն մասնագետները կարող են ճիշտ եւ անվտանգ դուրս հանել մագնիսները: Ցանկալի է դա անել հնարավորինս շուտ` նեկրոզը (հյուսվածքների մահը) եւ այլ խնդիրներ կանխելու համար, որոնք կարող են առաջանալ, եթե մագնիսները մնան երեխայի օրգանիզմում:

med.news.am