Որոշ մասնագիտություններ մարդկանց առանձնապես խոցելի են դարձնում կորոնավիրուսի դեմ, պնդում են Կալիֆոռնիական համալսարանի Գլոբալ բժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ինչպես եւ հարկ էր սպասել, առաջին տեղում են բուժաշխատողները: Նրանք շփվում են պացիենտների հետ, եւ հենց իրենք են վտանգվում վարակվելու ու բախվելու հետագա բարդություններին:
Երկրորդ տեղում են սնունդի ձեռնարկությունների եւ գյուղատնտեսության աշխատողները: Մահացության սովորական մակարդակի համեմատությամբ նրանց շրջանում այս ցուցանիշն աճել է 39 տոկոսով: Այնուհետեւ հաջորդում են տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտի աշխատակիցները: Նրանց շրջանում մահացության մակարդակն աճել է 28 տոկոսով:
Ռիսկի խմբի մեջ են մտնել նաեւ մարդիկ, որոնք աշխատում են արտադրական ձեռնարկություններում (27 տոկոս), ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերության մասնագետները: Նրանց շրջանում մահացությունն աճել է 23 տոկոսով:
Գիտնականները հետազոտության այսպիսի արդյունքներ են ստացել Կալիֆոռնիայում 2020 թվականի մարտից հոկտեմբեր COVID-19-ով հիվանդների անկետային տվյալները վերլուծելիս: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում տարածաշրջանում բնակչության մահացության մակարդակն աճել է 22 տոկոսով:
news.am