Մինչեւ վերջերս երեխաներն էին համարվում կորոնավիրուսի հիմնական տարածողները, սակայն այժմ գիտնականները պարզել են, որ երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ են ներկայացնում ամենամեծ վտանգը:
Medportal.ru-ի փոխանցմամբ` Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետներն օգտագործել են ԱՄՆ-ի 10 միլիոն օգտագործողների բջջային հեռախոսների տվյալներ` վարակված եւ նրանց հետ շփված մարդկանց այցելությունների վայրերին հետեւելու համար: Հետազոտողները ցանկանում էին հերքել այն տեսությունը, որ երեխաներն ու դեռահասները ավելի շատ են տարածում կորոնավիրուսը, քան մյուս տարիքային խմբերը, ուստի նրանք նաեւ վերլուծել են դեպքերի դինամիկայի փոխկապակցվածությունը դպրոցների բացման հետ:
Հավաքված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վարակի տարածման մեջ ամենաշատը ներգրավված են 20-ից 49 տարեկան մարդիկ. 100 վարակման դեպքից նրանց բաժին է ընկնում 65-ը: 2020 թվականի հոկտեմբեր ամսին հետազոտության ավարտի պահին վարակումների առավելագույն թիվը բաժին է ընկել 35-49 տարեկան տարիքային խմբին:
«Այս արդյունքները վկայում են 20-49 տարեկան մարդկանց շրջանում պատվաստումների անհրաժեշտության մասին` COVID-19 հիվանդության շարունակական աճը վերահսկելու համար»,- ասել են գիտնականները:
Ըստ գիտնականների` երեխաներն ու դեռահասներն իսկապես ակտիվորեն մասնակցում են համաճարակային գործընթացին, այդ թվում` ասիմպտոմատիկ դեպքերի մեծ չափաբաժնի պատճառով, սակայն միեւնույն ժամանակ դպրոցների բացումից հետո դեպքերի դինամիկան էապես չի փոխվել: