Մեծագույն պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա ու մաթեմատիկոս Օմար Խայամի արևելյան փիլիսոփայությունն ու իմաստնությունը տպվում են գրքերում ու բերնեբերան փոխանցվում սերնդեսերունդ։ Այս իմաստունի քառատողերում ճշմարտություն, մի քիչ հումոր ու մի կաթիլ հանդգնություն կա։ Դրանք կարդալով՝ դուք կարող եք շատ հարցերի պատասխաններ գտնել։
Մարդու և կյանքի մասին
- Մեկը չգիտի, թե ինչ բույր ունի վարդը, մյուսը դառը խոտերից մեղր է քամում։ Մեկին մանրադրամ տաս՝ դարեդար կհիշի, իսկ մյուսին էլ՝ թե կյանքդ էլ տաս, չի հասկանա ու գնահատի։
- Որքան ցած է մարդը հոգով, այնքան բարձր է նա քիթը ցցում։ Նա քիթը խոթում է այնտեղ, ուր նրա հոգին չի հասել։
- Ում կյանքը հարվածել է՝ շատ բանի կհասնի։ Մի փութ աղ կերածն ավելի շատ է գնահատում մեղրի քաղցրությունը։ Ով արցունք է թափել՝ անկեղծ է ծիծաղում։ Նա, ով մեռնում է, գիտի, որ ապրում է։
- Մի պատուհանից 2 հոգի նայում էին դուրս։ Մեկը տեսավ անձրև և կեղտ, մյուսը՝ կանաչ տերև, գարուն ու կապույտ երկինք։
- Մենք ուրախության աղբյուր ենք ու վշտի հանք։ Մենք ստորության անոթ ենք ու մաքուր ակունք։ Մարդը, ասես հայելու մեջ, բազմադեմ է։ Նա ոչինչ է և միևնույն ժամանակ՝ մեծ է։
- Որքան հաճախ ենք մենք, կյանքում սխալվելով, կորցնում մեզ համար թանկ մարդկանց, աշխատելով դուր գալ ուրիշներին՝ երբեմն փախչում ենք մերձավորից։ Մեծարում ենք նրանց, ովքեր չարժեն մեզ, իսկ ամենահավատարիմներին դավաճանում ենք։ Ով մեզ այդքան շատ է սիրում, նեղացնում ենք ու հենց ինքներս էլ ներողության սպասում։
- Մենք այլևս երբեք այս աշխարհ չենք ընկնի, ընկերների հետ սեղանի շուրջ չենք հանդիպի։ Ուրեմն որսա թռչող վայրկյանը, այն հետո էլ չես կարող բռնել։
- Մի նախանձիր նրան, ով հարուստ ու ուժեղ է, արևածագից հետո միշտ արևամուտ է լինում։
- Այս կյանքը մի անգամ շնչելու չափ կարճ է։ Նրա հետ վարվիր այնպես, ասես այն քեզ վարձով է տրված։
Սիրո մասին
- Նվիրել քեզ՝ նշանակում է՝ չվաճառել։ Եվ կողքին քնելը սիրով զբաղվել չի նշանակում։ Վրեժ չլուծել՝ չի նշանակում՝ ամեն ինչ ներել։ Կողքին չլինելն էլ չի նշանակում՝ չսիրել։
- Կարելի է գայթակղել տղամարդուն, ով կին ունի, կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց չի կարելի գայթակղել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի։
- Կյանքն իմաստուն ապրելու համար պետք է շատ բան իմանալ։ Երկու կարևոր կանոն նախ հիշիր՝ ավելի լավ է քաղցած մնաս, քան ուտես այն, ինչ ձեռքդ կընկնի, և ավելի լավ է միայնակ լինել, քան լինել նրա հետ, ով կպատահի։
- Սիրելի մարդու մեջ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ երբ չես սիրում, նյարդայնացնում են անգամ արժանիքները։
- Օ՜, ցավ, ցավ կա այն սրտում, ուր այրող կիրք չկա, ուր սիրո տառապանքներ չկան, ուր երջանկության մասին երազանքներ չկան։ Առանց սիրո օրը կորսված է, ավելի գորշ ու անգույն բան, քան այդ անպտուղ օրն է, չկա։
- Պոկված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը՝ մինչև վերջ գրել, սիրելի կինը պետք է երջանիկ լինի, այլապես իմաստ չուներ սկսել մի բան, ինչ քո ուժերից վեր է։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը